211652_close_icon
views-count2246 դիտում article-date 11:40 17-11-2016

Ուսանողությունը ոչ միայն ամբողջացնում, այլև հաճախ ինքն է ձևավորում մեր պետական, հասարակական ու քաղաքական կյանքի ներկապնակը. ԱԺ նախագահի շնորհավորանքը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ, որում ասված է. «Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Գիտելիք ունեցող մարդը տիրապետում է այնպիսի իրացվող ապրանքի, որն արժեքավոր է ցանկացած ժամանակահատվածում եւ որը պետք է գործածել թե որպես հարստություն, եւ թե որպես զենք` մասնակցելու արժանապատիվ երկիր, արժանապատիվ ապագա կառուցելու գործին: Սակայն գիտելիքը չի կարող օգտակար լինել եւ շոշափելի արժեք ստեղծել առանց մարդկային բարոյական կերպարի, պատասխանատվության եւ հայրենասիրության համադրման: Ուստի ուսանողական տարիները ոչ միայն գիտելիքի ձեռքբերման, այլեւ մարդկային որոշակի փոխհարաբերությունների, քաղաքացիական պատասխանատվության եւ բարոյական շատ արժեքների ձեւավորման մի ժամանակահատված են, որոնք կարող են ճակատագրական դեր ունենալ հետագա կյանքի համար: Այսօր մեր բանակի շարքերը համալրում են նաեւ ուսանող երիտասարդները, ովքեր իրենց հերոսաբար են դրսեւորում որպես հայրենիքի զինվոր: Ուսանողները նաեւ մեր հասարակական եւ քաղաքական անցուդարձի կարեւորագույն դերակատարներից են: Այս ամենը վկայում է, որ ուսանողությունը ոչ միայն ամբողջացնում, այլեւ հաճախ ինքն է ձեւավորում մեր պետական, հասարակական ու քաղաքական կյանքի ներկապնակը, թելադրում օրակարգը: Սիրելի ուսանողներ, դուք սովորում եք մի քանի տարի, սակայն կրթությունը շարունակվում է ողջ կյանքում եւ երբեք չի ավարտվում վկայականով կամ դիպլոմով: Կյանքի իսկական իրողություններին դուք առավելապես եւ գործնականում ծանոթանալու եք ուսման ավարտից հետո: Ուսման տարիներին ձեզ սովորեցնում են հասնել այդ իրողություններին, եւ եթե այնուհետեւ ձեր սովորածը մասնագիտության եւ աշխատանքի տեսքով չներդնեք կյանքում, ապա գիտելիքն արագորեն կմոռացվի, իսկ ուսանողական կյանքը կհամարվի անտեղի անցկացրած ժամանակահատված: Համոզված եմ, որ դուք արժանապատվորեն կիրացնեք ինքնաիրացման, ինքնադրսեւորման ձեր հնարավորությունները եւ կդառնաք բարեկեցիկ ու հզոր Հայաստանի կառուցման իրական համահեղինակներ»:

Նմանատիպ նյութեր