211652_close_icon
views-count1737 դիտում article-date 22:12 17-11-2016

Մոնղոլիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահին

Նոյեմբերի 16-ին Մոնղոլիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանն (նստավայրը՝ Պեկին) իր հավատարմագրերը հանձնեց Մոնղոլիայի Նախագահ Ցախիագիյն Էլբեգդորժին։ Արարողությանը հաջորդեց Նախագահի և դեսպանի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Մոնղոլական կողմն առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեց նորագույն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ։ Դեսպան Մանասարյանն առանձնազրույց ունեցավ նաև Մոնղոլիայի ԱԳ նախարար Ցենդ Մունխ-Օրգիլի հետ: Կողմերն ընդգծեցին, որ խորհրդային տարիներին երկու երկրների միջև առկա է եղել համագործակցության բավական բարձր մակարդակ ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտներում, որոնցից արժանահիշատակ է հատկապես բազմաթիվ մոնղոլ ուսանողների ուսանումնառության փաստը Խորհրդային Հայաստանի ԲՈՒՀ-երում։ Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրներն այսօր էլ ունեն համագործակցության մեծ ներուժ՝ ընդգծելով վերջինիս լիարժեք կիրառման համար քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Նախարար Մունխ-Օրգիլն ընդգծեց, որ Մոնղոլիան հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հարցում և ակնկալում է Հայաստանի աջակցությունը հարցի դրական լուծման գործում։ Նոյեմբերի 16-ի երեկոյան տեղի ունեցավ ընդունելություն` Մոնղոլիայում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման կապակցությամբ։ Նոյեմբերի 15-ին ՀՀ դեսպան Մանասարյանը հանդիպում էր ունեցել Մոնղոլիայի ԱԳ նախարարի տեղակալ տիկին Բատմունխ Բատցեցեգիի հետ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր