1538 դիտում
22:24 18-11-2016
Կընդլայնվի քաղաքացիական կացության ակտերի և ոլորտում մատուցվող ծառայությունների շրջանակը
Նոր ծառայությունների ներդրման միջոցով քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) ոլորտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ցանկի ընդլայնմամբ և որակի բարելավմամբ պայմանավորված՝ գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի կիրառմամբ մատուցվող ծառայությունները նոր տեսակի ծառայություններով համալրելու միջոցով էականորեն կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը: Այսպիսով, կընդլայնվի քաղաքացիական կացության ակտերի և ոլորտում մատուցվող ծառայությունների շրջանակը, կներդրվեն նոր ծառայություններ (օրինակ՝ երկլեզու տեղեկանքի տրամադրումը), որոնք միտված են բարձրացնել ծառայությունների մատուցման որակը և խնայել քաղաքացիների միջոցներն ու ժամանակը: Առաջարկվող ծառայությունների ներդրման արդյունքում էականորեն կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարելավվի նշված ոլորտում ծառայությունների մատուցման ոլորտը:
Գործադիրը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգը և պայմանները: Համապատասխան որոշմամբ նախատեսվում է հստակեցված ժամկետներում ՀՀ արտաքին գործերի նախարարությունից կամ ՀՀ հյուպատոսական հիմնարկներից անմիջականորեն ստացված դիմումներով պահանջվող տեղեկանքները տրամադրել առանց փոստային ծառայության կապի միջոցների՝ էլեկտրոնային կապի միջոցով ուղարկելով անմիջականորեն ՀՀ հյուպատոսական հիմնարկներին։
Արդյունքում կկրճատվեն օտարերկրյա պետություններում գտնվող անձանց՝ ամուսնության բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրման ժամկետները՝ հաշվի առնելով նաև մի շարք ծառայությունների ավելացումը, օրինակ՝ երկլեզու տեղեկանքների տրամադրումը, որոնք հնարավորություն են ստեղծում էականորեն խնայել փաստաթղթերի թարգմանության հետ կապված ծախսերը և ժամանակը: Ըստ այդմ, դիմողները հնարավորություն կունենան նույնականացման քարտի կիրառմամբ էլեկտրոնային դիմում ներկայացնել՝ տեղեկանք ստանալու նպատակով։ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում ստուգման արդյունքների հիման վրա ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք կտրամադրվի նաև ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) ՀՀ քաղաքացիներին։
Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կառավարության կողմից լիազորված օպերատորին վերապահվել է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման և ՀՀ արդարադատության նախարարության կողմից փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու համար ընդունված դիմումները ներկայացնելու, ինչպես նաև այդ դիմումների հիման վրա հայցվող քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականների կրկնօրինակները և տեղեկանքները, ՀՀ արդարադատության նախարարութան կողմից ապոստիլ դրված փաստաթղթերը դիմողներին տրամադրելու գործառույթ:
Հիմնավորման համաձայն՝ վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար քաղաքացիները և իրավաբանական անձինք նախարարություն պետք է անձամբ ներկայացնեն ծառայությունների մատուցման համար օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը, ինչը նախարարության սպասարկման կենտրոններից հեռու բնակվող կամ գտնվող անձանց համար ստեղծում է լրացուցիչ դժվարություններ՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների և ժամանակի ծախսման հետ կապված:
Նույն նպատակով էլ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով ՀՀ կառավարության կողմից լիազորված օպերատորներին կվերապահվի նաև օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքն ստանալու համար պահանջվող փաստաթղթերն ընդունելու, ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու և ստացված տեղեկանքը հայցողին տրամադրելու գործառույթ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է նախաձեռնությունը և հորդորել ՀՀ արդարադատության նախարարին հետևողական լինել գործընթացի շրջանակի և մատուցվող ծառայությունների ընդլայման հարցում:
Նմանատիպ նյութեր
1182 դիտում
13:01 17-09-2020
Օրենքով անվճար իրավաբանական ծառայություններից օգտվողների շրջանակը կընդլայնվի
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»