211652_close_icon
views-count3682 դիտում article-date 11:59 21-11-2016

Էներգախնայողությունը ոլորտի առաջնային խնդիրներից մեկն է. Արսեն Հարությունյան

Աշխարհի ավելի քան 70 երկրներում էներգետիկ ծառայություններ մատուցող ԷՆՋԻԵ ընկերությունը հետաքրքրված է նաև հայաստանյան շուկայով: Այս մասին ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ԷՆՋԻԵ խմբի մոսկովյան գրասենյակի ղեկավար Ալբերտ Գրիգորյանը: Ըստ նրա՝ էներգախնայողության, արեգակնային էներգիայի և էներգետիկ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը ԷՆՋԻԵ ընկերության հիմնական ուղղություններից են: Այս առումով ընկերության համար հետաքրքիր է ՋՏՊԿ որդեգրած քաղաքականությունը՝ ինքնահոս ոռոգման համակարգերի ներդրման միջոցով հնարավորինս կրճատել էլեկտրաէներգիայի ծախսը ոռոգման նպատակներով: ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը ևս նշել է, որ էներգախնայողությունը ոլորտի հիմնական խնդիրներից է. «Մեր առաջիկա անելիքներից մեկը հնացած պոմպակայաններում նոր, էլեկտրաէներգիայի անհամեմատ քիչ ծախս պահանջող պոմպերի տեղադրումն է, ինչը թույլ կտա շուրջ 10 մլն դրամի խնայողություն անել: Ընդհանրապես, փորձելու ենք էլեկտրաէներգիայի ծախսը հնարավորինս վերահսկելի և չափելի դարձնել, որպեսզի պատկերացնենք, թե որտեղ ինչ խնայողություններ կարող ենք անել: Բացի այդ՝ փորձում ենք ինքնահոս ոռոգման համակարգերի ներդրմամբ թեթևացնել էլեկտրաէներգիայի ծախսը»,- ասել է Ա. Հարությունյանը: Հյուրերի խնդրանքով ՋՏՊԿ նախագահը ներկայացրել է Կոմիտեի ընթացիկ աշխատանքները՝ մասնավորապես շեշտելով ջրամբարաշինության ծրագիրը: Խոսելով մյուս մարտահրավերների մասին, Ա. Հարությունյանը նշել է, որ 2017 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում գործելու է խմելու ջրի միասնական նոր օպերատորի, սակայն 570 համայնքներ շարունակում են այս կամ այն պատճառով դուրս մնալ օպերատորի սպասարկման դաշտից: Նա նշել է, որ այս համայնքները սպասարկման գոտի դարձնելը և հանրությանը պատշաճ ծառայությունները մատուցելը Կոմիտեի առաջնային խնդիրներից է լինելու: Նշենք, որ ԷՆՋԻԵ-ն ֆրանսիական էներգետիկ ընկերություն է, որն ավելի քան 30 երկրների էներգաարդյունաբերական շուկաներում նախագծում և իրականացնում է էներգետիկ ծառայություններ՝ շեշտը դնելով նորագույն տեխնոլոգիաների կիրառման վրա:

Նմանատիպ նյութեր