211652_close_icon
views-count68125 դիտում article-date 20:03 21-11-2016

Երևանում 52-ամյա տղամարդը սպանվել է արտասահմանյան մակնիշի ատրճանակից արձակված մի քանի կրակոցից. դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետն ու քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30–ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Լուկաշինի փողոցի բնակիչ, 52-ամյա Սամվել Արշակյանն է, իսկ դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ նա սպանվել է հրազենից արձակած մի քանի կրակոցներից: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս.Արշակյանը սպանվել է արտասահմանյան մակնիշի հրազենից: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր