142248 դիտում
12:23 28-05-2018
Կրակոցներ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ. դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալն ու քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը. հայտնաբերվել են կրակված պարկուճներ, վիրավորների մարմնում էլ՝ գնդակներ
Երեկ՝ մայիսի 27-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Արթուր Խլղաթյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի Կարբի գուղի բնակիչներ՝ 59-ամյա Վրեժ Խուրշուդյանն է, 34-ամյա Հենրիկ Գրիգորյանն է և 33-ամյա Արթուր Բաղդասարյանը։
Պարզվել է, որ նրանցից երկուսը ստացել են հրազենային վնասվածքներ, որոնցից մեկին այնուհետև տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Արդեն նշված կենտրոն է ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվում ոստիկանության Աշտարակի բաժին, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի հոգի։
Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կարբի գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արգամ Պողոսյանն է։ Բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու։
Արդեն գյուղ են ժամանում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը։ Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 7 կրակված պարկուճ, իսկ հիվանդանոցից էլ քննչական խմբին հայտնել են, որ վիրավորների մարմնի միջից հանել են հրազենից արձակված կրակված գնդակներ։
Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Խլղաթյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքներն ու ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: