211652_close_icon
views-count3883 դիտում article-date 19:56 25-11-2016

ՆԱՏՕ-Հայաստան և ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունները պայմանավորված չեն ԼՂ հակամարտությամբ. Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ադրբեջանցիները նստաշրջանի ընթացքում փորձել են տպավորություն ստեղծել, թե ԼՂ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտություն է և այդ մասին պատվիրակներից մեկը հարց է հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանը շատ հստակ էր: Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չի փոխվել: ՆԱՏՕ-ն հակամարտության կարգավորմանը որևէ մասնակցություն չունի, ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ընթացող գործընթացը»,- ասաց Նահապետյանը, հավելելով, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջին անգամ հստակ և սպառիչ ընդգծել է, որ ՆԱՏՕ-Հայաստան և ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունները որևէ կերպ պայմանավորված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Կորյուն Նահապետյանը հայտնեց նաև, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի բանաձևերի նախագծերից մեկում Ադրբեջանի պատվիրակությունն առաջարկել է Ադրբեջանը ներկայացնել տուժած պետություն: «Սրա կապակցությամբ մեր և գլխավոր զեկուցողի պարզաբանումներից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ նման ձևակերպումը կարող է առաջ բերել մոտեցումներ, որոնք կարող են վնասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավարմանը»,- մանրամասնեց Նահապետյանը՝ հավելելով, որ բոլոր պատվիրակների կողմից Ադրբեջանի պատվիրակության առաջարկը մերժվել է:

Նմանատիպ նյութեր