211652_close_icon
views-count1851 դիտում article-date 23:14 01-12-2016

Քննարկվել են մեղվաբուծության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ մեղրի գինու, շամպայնի, ջինի արտադրության հնարավորությունները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է «Մեղվաբույծների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Թելման Նազարյանին և մի շարք անդամների հետ` ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Անդրադառնալով մեղվաբուծության ճյուղի առաջնահերթ խնդիրներին` հանդիպման մասնակիցները նշել են մեղվաբուծական արտադրանքի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը: Տեղեկանալով, որ այս խնդրի շուրջ ժամանակին իրականացվել են գիտական հայտնագործություններ` նախարարն առաջարկել է ուսումնասիրել դրանք կյանքի կոչելու և տարբեր մեղվամթերքների (այդ թվում` նաև մեղրից գինու, շամպայնի և ջինի) արտադրության կազմակերպման հնարավորությունը: Ընդգծելով նաև մեղվակաթի զանգվածային արտադրության իրականացման կարևորությունը` կազմակերպության անդամները միաժամանակ նշել են, որ այս խնդրի լուծմանը խոչընդոտում է համապատասխան սարքավորումների բացակայությունը: Ի պատասխան նախարարն առաջարկել է կազմել բիզնես- ծրագիր, որի իրականացման համար փոխնախարար Արմեն Հարությունյանի հետ քննարկել միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունը: Նշելով, որ այսօր հանրապետությունում նկատվում է բարձրակարգ մեղվաբույծների և մեղվաբույժների կարիք, հանդիպման մասնակիցները առաջարկել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ղեկավարության հետ քննարկել համապատասխան մասնագետների պատրաստման, ինչպես նաև գիտնականների վերապատրաստման հարցը: Քննարկվել են նաև ոլորտում տոհմաբուծության զարգացմանը, մեղրի իրացման համար նոր շուկաների բացահայտմանը, մեղվամթերքի արտադրության ծավալների ավելացմանը և ինքնարժեքի նվազեցմանը, լաբորատոր փորձաքննության գների վերանայմանը վերաբերող հարցեր: Այս պահի դրությամբ հանրապետությունում գործում է շուրջ 10000 մեղվաբույծ, որոնցից մոտ 7500-ը անդամակցում են «Մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ-ին:

Նմանատիպ նյութեր