3473 դիտում
18:50 03-12-2016
Տասնմեկ երկրների առաջատար համալսարանների շուրջ 50 ուսանողներ հավաքվել են Հայաստանում՝ քննարկելու իրենց միավորող ու մտահոգող խնդիրները
Քննարկման այդ յուրօրինակ հարթակը տրամադրել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը: «Ուսանողական կառույցների ազդեցությունը և դերը բարձրագույն կրթական համակարգում» խորագրով ուսանողական միջազգային ֆորումը ՈՒԽ-ն անցկացնում է արդեն 3-րդ անգամ՝ սկսած 2014 թ.-ից:
Նախկինում համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն էր, այս տարի այն անցկացվում է անգլերենով, ինչը խթանել է եվրոպական երկրների առավել մեծ թվով ուսանողների մասնակցությունը: Այս անգամ ուսանողներ են ժամանել Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Իսպանիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Չինաստանից, Վրաստանից և այլն:
«Ի սկզբանե, երբ համաժողովը նախաձեռնում էինք, նպատակը մեր միջազգային կապերի ընդլայնումն ու դրսի փորձի ուսումնասիրությունն էր: Հատկապես եվրոպական երկրներում ուսանողական ինքնակառավարումը կազմակերպվում է մեզնից փոքր-ինչ այլ սկզբունքներով ու կառույցներով: Եթե ստացվի համախմբել հայաստանյան բոլոր բուհերին մեկ գաղափարի շուրջը, այդ երկրների մոդելները կարող ենք մեզ մոտ էլ տեղայնացնել»,- ասում է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանը:
Բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր ԵՊՀ-ում, իսկ բուն համաժողովն անցկացվելու է Աղվերանում: Նախ մասնակից ուսանողներին ողջունեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
«Ուսանողները ակտիվ մասնակցում են համալսարանական գործունեության երեք ուղղություններին էլ՝ կրթություն, հետազոտություն, սոցիալական ծառայությունների մատուցում: Միջազգային այսպիսի միջոցառումները կարևոր են նախ մեր ուսանողների հմտությունների զարգացման տեսանկյունից, ինչն ամրագրված է նաև մեր բուհի զարգացման ռազմավարական ծրագրում»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ՝ որպես ԵՊՀ ՈՒԽ հիմնադիրներից մեկը, խոսեց կառույցի կարևորության, համալսարանի կառավարման մարմիններում ուսանողների ներկայացվածության ու զարգացող աշխարհում ուսանողների առջև ծառացած մարտահրավերների մասին:
Համաժողովի բացման արարողությունից հետո մասնակիցները շրջայց կատարեցին ԵՊՀ պատմության թանգարանով, ապա այցելեցին Մատենադարան: Իսկ Աղվերանում տեղացի և արտասահմանցի մասնակիցներից յուրաքանչյուրը կներկայացնի իր երկրի փորձն ու խնդիրները, կառանձնացնեն համընդհանուր մտահոգության առարկա դարձած հարցերը և կփորձեն դրանց լուծումներ առաջարկել:
Այդ ամենից բացի՝ նախատեսվում են նաև թրեյնինգներ, որոնք վարելու են կրթական ոլորտի ներկայացուցիչները, այդ թվում նաև՝ Ռուբեն Մարկոսյանը:
Համաժողովի օրերին հանդիպումներ են նախատեսվում նաև կրթության և գիտության ոլորտը համակարգող բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նմանատիպ նյութեր
1010 դիտում
16:27 15-02-2021
ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են տասնմեկ ոլորտի հարկ վճարողների հետ
1397 դիտում
16:38 03-09-2014
Իրենց մտահոգող հարցերը երևանցիները բարձրաձայնում են թեժ գծի հեռախոսահամարներով
3259 դիտում
23:53 30-09-2015
Ինչու էին 1200 ուսանողներ հավաքվել Խաչատուր Աբովյանի անվան տուն թանգարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
643 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
628 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին