211652_close_icon
views-count2808 դիտում article-date 17:57 06-12-2016

Ադիս Աբեբայում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանը. ներկայացված հայտերի շարքում է նաև Հայաստանը

Ս. թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք Ադիս Աբեբայում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայի 11-րդ նստաշրջանը: Մասնակցում էին աշխարհի 121 երկրների` 712 ներկայացուցիչներ, այդ թվում, կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև տարբեր երկրների լրատվամիջոցներ: Նստաշրջանի ընթացքում քննարկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության հիմնադրամի վերաբերյալ արտաքին աուդիտորների հաշվետվությունը, որին հաջորդեց անվանակարգերի, առաջարկների և աջակցության խնդրանքների գրանցման, ընտրության կամ հաստատման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի պարզաբանումը: Քննարկվեցին Կոնվենցիայի կիրարկման մասին 12 զեկույց, որից 6 պարբերական և 6 անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված տարրերի կարգավիճակի վերաբերյալ: Նստաշրջանի օրակարգի կարևոր հարցերից էր առաջադրված նոր հայտերի քննարկումները: Ներկայացվել էր 7 հայտ` Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու, 37 հայտ` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկելու, 7 հայտ` Ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու նպատակով: Գրանցման ներկայացված հայտերի շարքում էր հինգ երկրների (Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքիա) պատրաստած «Տափակ հաց պատրաստելու և հյուրասիրելու մշակույթ. լավաշ, կաթրմա, ժուպկա, յուֆկա» անվանմամբ համատեղ հայտը, որի քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակության դիտարկումների հիման վրա միջկառավարական Կոմիտեի կողմից 2014 թվականին Կոմիտեի 9-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված «Լավաշ, ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտի վերաբերյալ համապատասխան հղում (որոշում 9.COM 10.3) արվեց վերոնշյալ հայտի որոշման նախագծում: Այսպիսով, հաստատվեց, որ «տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրներում ապրող համայնքները կիրառում են հայտում ներկայացված «տափակ հացի» տեսակները»: Կոմիտեն իր որոշմամբ փաստում է, որ համատեղ հայտում նշվող տարրի գրանցումը չի ենթադրում, որ այն բացառիկ է, այլ կիրառվում է նաև «տարածաշրջանում և դրանից դուրս», իսկ «տափակ հացի» տեսակներից մեկը` լավաշը, դեռևս 2014 թ. ընդգրկվել է Ներկայացուցչական ցանկում, որպես Հայաստանում կիրառվող տարր: Նստաշրջանի արդյունքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական, անհապաղ պաշտպանության և լավ փորձի պահպանման ցանկերում գրանցվեցին 43 հայտ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. ոչ նյութական մշակութային ժառանգության Կոնվենցիայի միջկառավարական Կոմիտեն կազմված է Կոմիտեի անդամ 24 երկրներից և Հայաստանն այդ Կոմիտեի անդամ է ընտրվել 2016 թ. հունիսին` 4 տարի ժամկետով: Հայաստանը «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն գրանցել է հետևյալ տարրերը. «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործու­թյունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.): Ս. թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի` Ադիս Աբեբայում կայացած 11-րդ նիստի արդունքներն ամփոփող մամուլի ասուլիս: Մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը (Հայաստանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հաձնաժողովի գլխավոր քարտուղար), ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակությային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը:

Նմանատիպ նյութեր