211652_close_icon
views-count3317 դիտում article-date 17:12 07-12-2016

Պետական գույքի արդյունավետ և խելամիտ տնօրինումը առաջնային խնդիր է. ՋՏՊԿ

«Հայաստանի Հանրապետության ջրային համակարգը թևակոխում է զարգացման որակական նոր փուլ, մշակվել և ընդունվել են խմելու ջրի և ոռոգման համակարգերի ռազմավարությունները, վերջին 10-12 տարիների ընթացքում միայն խմելու ջրի համակարգերի զարգացման նպատակով կատարվել է ավելի քան 230 մլ դոլարի ներդրումներ, առավել մեծածավալ ներդրումներ են կատարվել նաև ոռոգման համակարգում: Կատարված ներդրումների շնորհիվ այսօր ՋՏՊԿ ՀՀ գույքային ունեցվածքի ամենամեծ տնօրինողներից է, և մեզ համար արդիական է ստեղծված գույքի պահպանումն ու արդյունավետ շահագործումը, պլանավորումն ու ներդրումների նպատակային իրականացումը»,- այս մասին ՋՏՊԿ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Հանդիպմանը մասնակցել են Գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության ձևավորման համար խորհրդատվական ծառայությունների մատուցման ապագա մրցույթի մասնակից-հավակնորդները: Նշենք, որ Գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարվել է խորհրդատվական ծառայությունների մատուցման միջազգային մրցույթ, որին մասնակցության հայտ են ներկայացրել 11 ընկերություններ: Դրանցից 5-ը ներառվել են կարճ ցանկում և շարունակելու են պայքարը հաջորդ փուլում: «Պետական գույքի արդյունավետ, նպատակային և խելամիտ կառավարումն այսօր լուրջ խնդիր է դարձել պետական կառույցների համար: Մեր նպատակներից մեկն էլ այն է, որպեսզի այս գործելաոճը արմատավովի և օրինակելի դառնա մեր երկրում: Մենք շատ ուրախ ենք, որ մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել նաև տեղական գործընկերներ: Եվ քանի որ ծրագիրը պարունակում է նաև որոշակի քաղաքական տարրեր, առաջարկում ենք տեղացի մեր գործընկերներին ակտիվացնել համագործակցությունը ՋՏՊԿ-ի հետ, քանզի մենք ակնկալում ենք, որ վարչությունը, որ ստեղծվելու է այս խորհրդատվությունների արդյունքում, պետք է դառնա ներդրումային մեթոդաբանության և ռազմավարության մշակման հիմնական հարթակը»,- ասել է ՋՏՊԿ նախագահի խորհրդական Վիկտոր Մարտիրոսյանը: Ըստ Վ. Մարտիրոսյանի՝ ՋՏՊԿ-ի նպատակն է ձևավորել մի կառույց, որը կտա ներդրումների իրականացման համար հիմնավոր և համապարփակ ինֆորմացիա, կկատարի համակարգի գույքի ամբողջական հաշվառում և կիրագործի դրա խելամիտ տնօրինումը, ինչպես նաև՝ կօգնի խուսափել կրկնվող գործառույթների իրականացումից: «Ոռոգման համակարգի մեր գույքը այսօր ցրված է ջրառ ընկերություններում և ՋՕԸ-երում: Եթե խմելու ջրի ոլորտում մենք կարողանում ենք ավարտել անշարժ գույքի պետական գրանցման աշխատանքներն ու ենթակառուցվածքների վերաբերյալ ունենալ գույքի կադաստր ձևավորելու բավարար հիմքեր, ապա ոռոգման բնագավառում մենք շատ բան պետք է սկսենք զրոյից: Այս համակարգի առաջիկա զարգացումը մենք նույնպես տեսնում ենք պետական-մասնավոր համագործակցության դաշտում: Մենք ակնկալում ենք, որ ծրագրի ավարտին կունենանք գույքի կառավարման մշակված ռազմավարություն, կառավարման անհրաժեշտ բազա և ծրագրային ապահովվածություն, գույքի կառավարման հանրապետական ցանց և զարգացման ծրագրեր: Այնպես որ, անկախ նրանից, թե ով է լինելու մրցույթի հաղթողը, մեր սպասելիքները այս ծրագրերից մեծ են»,- ասել է ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր