211652_close_icon
views-count3230 դիտում article-date 12:36 09-12-2016

ՀՀ գյուղնախարարը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը քննարկել են գինեգործության և խաղողագործության ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ԱԶԲ-ի կողմից իրականացվող գինեգործության և խաղողագործության ոլորտի վերլուծության նախնական արդյունքները: Վերլուծությունն ուղղված է բացահայտելու առկա հիմնախնդիրները, ուսումնասիրելու դրանց լուծումներ տալու ինստիտուցիոնալ ձևաչափերը, ինչպես նաև պարզելու հայկական արտադրանքի արտահանմանն օժանդակելու հնարավոր գործիքները: Հանդիպման ընթացքում նախարարի կողմից բարձրացվել են մի շարք առանցքային հարցեր` մասնավորապես խաղողի այգիների կադաստրի ստեղծման խնդիրը: Անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից խաղողագործական արտադրանքի համար նվազագույն գների սահմանման, խաղողագործության ոլորտում ֆիլոքսերիայի դեմ պայքարի միջոցառումների, ֆիլոքսերակայուն սորտերի մշակման, աշխարհագրական անվանումների համակարգի ներդրման հարցերին: Կողմերը կարևորել են հայկական գինեգործական արտադրանքի բրենդավորման և արտահանմանը միտված քաղաքականության արդյունավետ կազմակերպման հարցերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից գինեգործության ոլորտում ներգրավված կազմակերպությունների հետ համատեղ գործողությունների ծրագիր մշակելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել է հետագայում ԱԶԲ-ի կողմից այդ աշխատանքների ֆինանսավորման հնարավորությունը: Իգնատի Առաքելյանը և Շեյն Ռոզենտալը համակարծիք էին, որ խաղողագործության ոլորտում խնդիրների հաղթահարման և ճյուղի կայուն զարգացման համար անհրաժեշտ է ապահովել պետության և մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր