85247 դիտում
23:27 10-12-2016
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում․« Ճանշին»-ի վատ աշխատանքի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել․ մեքենաներից մեկը հայտնվել է ձորում․ կա 7 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արգածոտնի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում բախվել են, 53-ամյա Հարություն Մուսաելյանցի վարած Mitsubishi Pajero մակնիշի 34 VV 027 համարանիշի, 26-ամյա Տիգրան Սարգսյանի վարած Volkswagen Vento մակնիշի 34 CL 185 համարանիշի և Mercedes մակնիշի 35 DG 478 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալինի» բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով Volkswagen Vento-ն մոտ 80 մետր գլորվելով բախվել է ապառաժ քարերի և հայտնվել ձորում։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր Ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների հետ վիրավորներին դուրս են բերել ձորից և ավտոմեքենաներից։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն են գործել նաև «Թալինի» հիվանդանոցի բժիշկները, ովքեր ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ տեղում օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, իսկ հետո տեղափոխում Թալինի հիվանդանոց։
Վթարի պատճառը եղել է տեղացած ձյունը, իսկ տեղի «Ճանշինականները ուղտի ականջում քնած են եղել» ու եթե նրանք ժամանակին կատարեին ձնամաքրման և ճանապարհի մշակման աշխատաքններն, ապա վթարը տեղի չէր ունենա և միայն Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի միջամտությունից հետո նոր բարեհաճեցին տեղի «Ճանշինականները» ու սկսեցին ճանապարհի մշակման աշխատանքները։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները։
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+