211652_close_icon
views-count3629 դիտում article-date 16:53 16-12-2016

ԼՂՀ ԱՎԾ-ը ներկայացրել է 2015թ. տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքները

Դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է 2015 թվականի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները: Ազգային վիճակագրական ծառայությունը 2015թ.-ին ԼՂՀ-ի 1620 տնային տնտեսություններում, որից 756-ը՝ քաղաքային և 864-ը՝ գյուղական բնակավայրերից, միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ, անցկացրել է տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտություն (ՏՏԿԱՀ): Ըստ հետազոտության արդյունքների՝ ԼՂՀ-ում աղքատ է բնակչության 22.8 տոկոսը, որից ծայրահեղ աղքատ՝ 6.5 տոկոսը, նախորդ տարվա համապատասխանաբար՝ 26.2 և 6.0 տոկոսի փոխարեն: Այսինքն՝ 2014թ.-ի համեմատ 2015թ.-ին Արցախում աղքատությունը նվազել է 3.4 տոկոսով: Քաղաքային բնակավայրերում աղքատները կազմել են 26.2 տոկոս, իսկ գյուղական բնակավայրերում՝ 19.1 տոկոս, այսինքն՝ աղքատների և ծայրահեղ աղքատների մեծ մասը (60.4%) քաղաքաբնակներ են: Նման ցուցանիշները ցույց են տալիս, որ բնամթերային գյուղատնտեսությունը կարևոր դեր ունի շատ մարդկանց աղքատությունից դուրս բերելու գործում: 2015թ.-ին աղքատության ընդհանուր և ծայրահեղ աղքատության գծերը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` 35881 դրամ (կամ 75.1 ԱՄՆ դոլար) և 24284 դրամ (կամ 50.8 ԱՄՆ դոլար): 2015թ.-ին աղքատության սրությունը եղել է 1.7%, խորությունը՝ 5.2%: Աղքատությունը դիտարկվել է ըստ սպառման և եկամտի ցուցանիշների. Ըստ հետազոտության արդյունքների՝ եկամտի ցուցանիշի հիման վրա գնահատված աղքատության մակարդակը մոտ 1,3 անգամ գերազանցում է սպառման ցուցանիշով աղքատության մակարդակը: Միևնույն ժամանակ ծայրահեղ աղքատության մակարդակը, ըստ եկամտի ցուցանիշի, 1,2 անգամ գերազանցում է սպառման ցուցանիշով ծայրահեղ աղքատության մակարդակը: Այդ տարբերությունը բացատրվում է հիմնականում սպառման բաշխման համեմատ եկամուտների բաշխման առավել բարձր անհավասարությամբ: Մինչև հինգ տարեկան, 6-9, 15-17 տարեկան երեխաների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ: 45-49 տարիքային խմբերում 2015թ.-ին աղքատության մակարդակն ամենացածրն է: Դիտարկելով տնային տնտեսությունների եկամուտների աղբյուրներն ըստ բնակավայրերի` ակնհայտ է դառնում, որ վարձու աշխատանքից ստացված եկամուտների կարևորությունը մեծ է հատկապես քաղաքաբնակների համար, որտեղ այն 2015թ.-ին կազմել է ամբողջական եկամուտների 62.4%-ը, 2014թ.-ի 58.5%-ի փոխարեն: 2015թ. հետազոտության արդյունքներով պարզվել է, որ բնակչությունը առողջության առաջնային պահպանման ծառայություններին քիչ է դիմում և դրա հիմնական պատճառն ինքնաբուժումն է` 61.1%: Ըստ ՏՏԿԱՀ արդյունքների՝ 2015թ.-ին կենսաթոշակները, որպես եկամտի աղբյուր, նշել է հարցվածների 55.0%-ը: Եթե դադարեցվի սոցիալական տրանսֆերտների (կենսաթոշակներ և դրամական սոցիալական աջակցություն) վճարումը, իսկ աղքատ բնակչությունը չկարողանա այլ աղբյուրների հաշվին փոխհատուցել այդ կորուստը, ապա աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակները զգալիորեն կաճեն . աղքատության մակարդակը 22.8%-ից կբարձրանա 45.6%-ի, աղքատներն ավելի կաղքատանան, քանզի աղքատության խորությունը՝ աղքատության գծի նկատմամբ նրանց միջին սպառման պակասուրդը 5.2%-ից կկազմի 23.9%: Աղքատությունը բազմաբնույթ է և այն կարող է չափվել և´ օբյեկտիվ, և´ սուբյեկտիվ մոտեցումներով: ԼՂՀ-ում մեկ չափահասին համարժեք սպառման ագրեգատի հիման վրա հաշվարկված կենսամակարդակի օբյեկտիվ գնահատականի (22.8%) համեմատ, սուբյեկտիվ գնահատականներն (իրենց բարեկեցության վերաբերյալ անհատների անձնական տեսակետ¬ները) ավելի ցածր են (3.3% ): Իրենց ծայրահեղ աղքատ են համարել 0.6%-ը` 6.5% մեկ չափահասին համարժեք սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակի համեմատ: Անհավասարությունը գնահատվում է ողջ բնակչության համար: Ջինիի գործակցի միջոցով գնահատված անհավասարության ցուցանիշները վկայում են, որ ԼՂՀ-ում բնակչության բևեռացումն, ըստ եկամուտների ցուցանիշի, ավելի խորն է սպառման ագրեգատի ցուցանիշի համեմատ: 2015թ.-ին սպառման անհավասարությունը, որը չափվում է Ջինիի գործակցով, կազմել է 0.258, 2014թ-ի 0.263-ի փոխարեն: Ըստ ամբողջական եկամուտների` անհավասարությունը կազմել է 0.307՝ 2014թ. է 0.380-ի դիմաց: Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվական բաժին

Նմանատիպ նյութեր