211652_close_icon
views-count3316 դիտում article-date 10:26 17-12-2016

Որտեղի՞ց է հապճեպ դատելու և դատավճիռ կայացնելու մոլուցքը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ նախագահի կամ վարչապետի աշխատակազմը հարցազրույցի է կանչում 4, 6 կամ 10 լրագրողի՝ մնացած լրագրողների ռեակցիան հայտնի է. «Նրանք, ում կանչել են, ծախված են, նրանք, ում չեն կանչել, ծախված չեն։ Այ, եթե մենք գնայինք հարցազրույցի, այնպիսի սպանիչ, ջախջախիչ հարցեր կտայինք, որ նախագահը կամ վարչապետը հաջորդ իսկ պահին հրաժարական կտային»։ Իմ անձնական մոտեցումը հետևյալն է. 1/ Ես երբեք ոչ մեկին չեմ խնդրել, որ ինձ կանչեն։ Եթե չկանչեն, խոստանում եմ՝ չեմ նեղվի և չեմ ասի, չեմ էլ մտածի. որ ես ինչ-որ մեկից լավն եմ կամ վատն եմ։ 2/ Լրագրողի պարտականությունների մեջ չի մտնում հարցերով «սպանելը», նրա առաքելությունն է, ինձ թվում է, հարցերի միջոցով զրուցակցի տեսակետը ընթերցողին, հեռուստադիտողին ներկայացնելը։ 3/ Վարչապետը վերջերս կանչել էր մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների, պատասխանեց բոլոր հարցերին և դրանից հետո հրաժարական չտվեց։ Որտեղի՞ց է ագրեսիվ ինքնավստահությունը, հապճեպ դատելու և դատավճիռ կայացնելու մոլուցքը։ Ցանկացած մարդ, այդ թվում պաշտոնյա, զրույցի է կանչում այն մարդկանց, որոնց հետ ինքն է ցանկանում զրուցել։ Ամեն մի հրավիրված իրավունք ունի ընդունելու կամ մերժելու հրավերը։ Հրավիրվածներից յուրաքանչյուրը կարող է խոսել այն խնդիրների մասին, որոնք իրեն են հուզում։ Ինձ, օրինակ, չի թվում, որ ռաբիս երաժշտությունը Հայաստանի թիվ մեկ խնդիրն է։ Բայց դա չի նշանակում, որ ես պետք է մեղադրեմ Հովհաննես Չեքիջյանին, թե ինչու է նա հենց այդ հարցը բարձրացրել։ Եվ ամենակարևորը. մնացածը, ում չեն հրավիրել, հնարավորություն ունեն իրենց կարծիքը, իրենց քննադատությունը, անգամ իրենց հայհոյանքները բարձրաձայնելու զանազան, առաջին հերթին՝ համացանցային հարթակներում։ Քաղաքացիական արիությունն ու խիզախությունը գործի դնելու բազմաթիվ հնարավորություններ կան»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր