211652_close_icon
views-count2872 դիտում article-date 16:30 19-12-2016

Ավարտվել է մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2016 թվականի ծրագիրը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ավարտվել է մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2016 թվականի ծրագիրը: Այսպիսով՝ նախատեսված 898 մուտքի փոխարեն վերանորոգվել է 924-ը: Համաձայն քաղաքապետի հանձնարարականի` կազմվել է նաև 2017թ. նախատեսվող վերանորոգնան ենթակա մուտքերի հասցեների ցանկն ու աշխատանքների իրականացման ժամանակացույցը: Ըստ այդմ, հաջորդ տարի նորոգվելու է 1628 մուտք, որից 571-ը՝ համայնքային բյուջեի միջոցներով, մնացյալը՝ համատրության ուժերով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դրական գնահատելով իրականացված աշխատանքները, հանձնարարել է հանրությանը ներկայացնել կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև հասցեական իրազեկել հաջորդ տարվա համար նախատեսված ծրագրի մասին: Քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 7 դեպք: Անդրադառնալով աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ նախորդ շաբաթ հրավիրված ընդլայնված խորհրդակցությունից հետո վարչության աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրների կարգավորման վերաբերյալ պատասխանատուների կողմից ներկայացաված առաջարկներին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ ընդունվել է ծառայությունները տեսանկարահանող սարքերով համալրելու և դրանց աշխատանքը համաժամանակյա ռեժիմով վերահսկելու առաջակը, ինչը հնարավորություն կտա առավել թափանցիկ դարձնել վարչության և ծառայության աշխատանքները: Զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 13 վարչական արձանագրություն: Հաշվի առնելով Ամանորին ընդառաջ բացօթյա առևտրի հնարավոր փորձերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները և տոնական օրերի համար սահմանել հերթապահության ժամանակացույց: Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը հայտնաբերելու և կանխարգելելու ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 28 վարչական արձանագրություն: Հաշվի առնելով, որ տոնական օրերին աղբի ծավալները զգալիորեն ավելանում են, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է վերահսկել տոնական օրերին «Սանիթեք» ընկերության կողմից աղբահանության պատշաճ իրականացումը:

Նմանատիպ նյութեր