211652_close_icon
views-count43868 դիտում article-date 23:48 21-12-2016

Համլետ Հաջոյան. Արցախին իր ողջ կյանքը նվիրեց հերոս եզդի կամավորականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1970 թվականի հուլիսի 8-ին Երևանաբնակ ավանդապաշտ եզդիների ընտանիքում ծնված Համլետ Այվազի Հաջոյանը անմնացորդ սիրում էր Հայաստանը: Այնպիսի մի սեր ու նվիրվածություն ուներ, որն անգամ չունեն շատ ու շատ հայորդիներ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նրա ընտանիքի անդամները պատմեցին, որ Համլետը փոքր հասակից ինքնամփոփ, քչախոս տղա էր և ոչնչով աչքի չէր ընկնում, սակայն ընկերության և շրջապատի հանդեպ իր սերն ու նվիրվածությունը, աստիճանաբար վերածվեցին մեծ հայրենասիրության՝ Հայոց աշխարհի նկատմամբ, որի համար նա չխնայեց անգամ իր կյանքը: 1988թ.-ից 1990թ.-ը ծառայել է խորհրդային բանակում՝ որպես հրետանավոր: 1992 թվականին, երբ հիմնադրվեց Հայոց կանոնավոր բանակը՝ զինվորագրվեց նաև Համլետ Հաջոյանը, մասնկացեց արցախյան ազատամարտին, որից հետո, ռազմարվեստի մասին իր գիտելիքներով և իր ուժերի ներածի չափով աջակցեց բանակաշինության գործընթացին: Համլետն Արցախ աշխարհը չթողեց անգամ պատերազմից հետո: Մշտական բնակություն հաստատեց, տուն տեղ դրեց, ամուսնացավ և ընտանիք կազմեց հենց իր արյուն-քրտինքով և մի շարք մարտական ընկերների կյանքերի գնով ազատագրված, Քաշաթաղի շրջանում: Այդ օրերից ի վեր՝ մինչև իր կյանքի վերջը, Համլետ Հաջոյանը գրեթե չլքեց Արցախ աշխարհը: Ապրում էր մյուս գյուղացիների նման: Երբեք չէր բողոքում սոցիալական խնդիրներից: Փոխարենն անգամ Երևանում բնակվող իր ընկերներին և եզդի ազգականներին էր կանչում Քաշաթաղում բնակվելու: Շարունակում էր զբաղվել զինվորական գործով, ամեն ամսվա կեսն անց էլ կացնում Արցախի դիրքերում, մյուս կեսում որպես Նախնական զինպատրաստվածության ուսուցիչ՝ դասավանդում էր դպրոցում, իսկ ազատ ժամանակ, զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Կարծես թե պատերազմական արհավիրքը մնացել էր անցյալում և Համլետի կյանքն ընթանում էր նոր հունով, սակայն պարզվեց, որ դեռևս 90-ականներին զոհված մարտական ընկերների հետ վերերկրային հանդիպման պահը, Աստծո նախախնամությունը ոչ թե չեղյալ էր դարձրել, այլ հետաձգել էր 25 երկար ու կարճ տարիներով: Վրա հասավ 2016թ.-ի ապրիլյան պատերազմը և Համլետ Հաջոյանի պես նվիրյալ քաջորդին պարզեպես չէր կարող չմասնակցել ու կրկին չլինել սահմանին: Համլետ Հաջոյանը Արցախ աշխարհի հյուսիս-արևելյան ուղղությամբ գտնվող Թալիշի պաշտպանական շրջանի դիրքեր բարձրացավ ապրիլ ամսվա 2-րդ կեսին, երբ այսպես կոչված «քառորյա» պատերազմն արդեն ավարտվել էր: Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը սակայն ևս լարված էր: Թուրք-ասկյարները անհանգստացնում էին Արցախի հյուսիսում՝ Գյուլիստանի, հյուսիս-արևելքում՝ Թալիշի և Մարտակերտի, արևելքում՝Մարտունու և հարավում՝ Հադրութի պաշտպանական շրջանների դիրքապահ զինվորներին: Ապրիլյան կայծակնային պատերազմի խոշոր ռազմագործողությունը ձախողած Ադրբեջանը փորձում էր հեռվից հեռու, հրազենի անկանոն կրակոցներով ու ականանետերի և նռնականետերի կրակոցներով ոգևորել ու աշխուժացնել բարոյալքված իր զինվորներին, ինչը, ցավոք, մեզանից խլեց հայոց ազգի և հողի նվիրյալ, ազգությամբ եզդի Համլետ Հաջոյանին: Նա զոհվեց թշնամական հեռահար կրակի պահին, երբ զբաղվում էր պահպանության առած իր տեղամասի ուսումնասիրությամբ և տեղազննությամբ: Այսօր նրա աճյունը հանգչում է Երևանում գտնվող Եռաբլուրի բարձունքում՝ իր զոհված մարտական ընկերների կողքին: Համլետ Այվազի Հաջոյանը, հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն», ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով։ Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր