211652_close_icon
views-count11689 դիտում article-date 15:13 23-12-2016

«Երեւան Ջրից» մինչեւ «Վեոլիա Ջուր». մայրաքաղաքի ջրմուղն այսօր նշում է իր 105-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1911թ. դեկտեմբերի 23-ին առաջին ջուրը Կաթնաղբյուրից հասավ մայրաքաղաք՝ հիմք դնելով Երեւանի կենտրոնացված ջրամատակարարմանը Շատ ջրեր են հոսել այդ օրից, քաղաքն էլ է մեծացել, համակարգն էլ՝ ընդլայնվել: Լավ օրեր էլ է ջրմուղը տեսել, դժվարին ժամանակներ էլ է ապրել՝ շարունակելով կատարել իր ոչ դյուրին առաքելությունը: 105 տարի՝ փոքր տարիք չէ, սակայն ջրմուղը, շնորհիվ համակարգում իրականացվող բարեփոխումների, այսօր իր երկրորդ երիտասարդությունն է ապրում: Վերջին 10 տարիներին՝ 2006թ. հունիսի 1-ից համակարգը՝ ֆրանսիական Վեոլիա ընկերության եւ Հայաստանի կառավարության միջեւ կնքված Վարձակալության պայմանագրի հիման վրա կառավարում է Վեոլիայի հիմնադրած՝ Երեւան Ջուր ՓԲԸ-ն: (2016թ. փետրվարի 12-ին ստորագրվել է վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը երկարացնելու մասին համաձայնագիրը): Վարձակալության պայմանագրի նպատակն էր բարելավել Երևան քաղաքի և հարակից 30 համայնքների սպառողներին խմելու ջրի մատակարարումը, ինչպես նաեւ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, գույքի և ենթակառուցվածքների տեխնիկական վիճակն ու գործունեության արդյունավետությունը: Ըստ անկախ միջազգային տեխնիկական Աուդիտորի՝ «Ուոթը Սըփլայ Սըրվիսիզ Քընսալթինգ»՝ Դանիա եւ «ԱՎԱԳ Սոլյուշնս»՝ Հայաստան, հաջողությամբ կատարվել են բոլոր հիմնական պարտավորությունները: Այդ են վկայում ստորեւ ներկայացվող որոշ ցուցանիշներ. [img]/ups/images/0357200001482487156249961.png[/img] Իսկ ամեն մի ցուցանիշի հետեւում աշխատանք է, ծրագրեր, խոր վերլուծություն պահանջող ու հստակ գնահատականի արժանի արդյունք: Միայն մեկ օրինակ. փաստորեն այս ընթացքում ոչ միայն հաջողվել է մոտ 30% -ով նվազեցնել ջրի արտադրությունը համակարգում, այլ ջրի վաճառքի ծավալը 15.4%-ից հասցնել 27,5%-ի: Սեփական միջոցներից կատարվող ներդրումների մասով նույնպես Երեւան Ջուրը անցած 10 տարիներին գերազանցել է պարտավորությունը՝ 10,6 մլրդ դրամի փոխարեն դրանց ծավալը հասցնելով 16,6 միլիարդի, որի շնորհիվ հնարավոր է դարձել իրականացնել մի շարք լրացուցիչ ծրագրեր: Չնայած մատուցվող մանրածախ ծառայությունների սակագնի բարձրացմանը՝ 172,8 դրամից մինչեւ 195 դրամի 2010թ.-ին, համաձայն գործող մեթոդաբանական հաշվարկի, հետագա տարիներին, մասնավորապես, ջրի վաճառքի կարգավորման, ջրաչափերի տեղադրման ու ապօրինությունների դեմ պայքարի, մեզ հաջողվեց այն իջեցնել մինչեւ 170,3 դրամի: 24,7 դրամը ինքնին քիչ գումար չէ, սակայն եթե հաշվի առնենք մեր ազգային արժույթի գնողունակության անկումը այս 10 տարիներին, պարզ է դառնում, որ սպառողը շատ ավելին է տնտեսել: Ընդհանուր առմամբ, անցած 10 տարիներին համակարգում կառուցվել և վերակառուցվել են 145կմ ջրագծեր ու 19 կմ կոյուղագծեր, հարյուրավոր ջրաբաշիչ փականային հանգույցներ, վերակառուցվել ու վերանորոգվել են մի շարք օրվա կարգավորիչ ջրամբարներ, ինչպես նաեւ աղբյուրներ, օրինակ, Գառնիի, Կաթնաղբյուրի, Արզնիի, Ապարանի, Գյումուշի, Ծարավաղբյուրի: Կառուցվել է նոր հզոր պոմպակայան Արզնիում, իսկ Գյումուշինը՝ հիմնանորոգվել: Արդիականացվել է մյուսների էներգահամակարգը, ինչը թույլ է տվել զգալիորեն բարձրացնել դրանց էլեկտրասնուցման հուսալիությունը, ասել է թե՝ ջրամատակարարման կայունությունը: Լուրջ առաջընթաց է գրանցվել Երևանի ջրամատակարարման բաշխիչ ցանցի գոտիավորման, դրա կառավարման բարելավման, վթարների վերացման ժամկետների ապահովման, հոսակորուստների և ապօրինությունների դեմ պայքարում: Իսկ հիմա, ի լրումն համակարգից առցանց սկզբունքով ստացվող տվյալների հավաքագրման հեռատեղեկատվական ծրագրի, տարվում են աշխատանքեր արդեն հեռակառավարման՝ SCADA ծրագրի ներդրման համար: Այն Կենտրոնական կարգավարական խմբին թույլ կտա ոչ միայն տեղյակ լինել «անցուդարձին» ընկերությունում, այլեւ «մեկ կետից - մեկ հպումով» սկզբունքով կառավարել Ապարանից մինչեւ Մասիս, Շորշորից մինչեւ Գառնի տեղակայված կառույցների աշխատանքը. միացնել ու անջատել պոմպերը, ավելացնել կամ պակասեցնել ջրաքանակը, կարգավորել ջրի ճնշումը ու դրա քլորացումը եւ այլն: Սա նշանակում է նոր որակ համակարգի կառավարման գործում: Առաջին հերթին սեփական ուժերին ապավինելու տնտեսական քաղաքականությունը, շահագործման ծախսերի նվազեցումը, վարձավճարի հավաքագրման ավելացումը բերել են նրան, որ դեռեւս 2006թ. պետբյուջեից տարեկան 1,5 մլրդ դրամ՝ զուտ գոյատեւելու համար սուբսիդիա ստացող ընկերությունը վերջին 5 տարիներին ոչ միայն զարգանում է բացառապես սեփական միջոցներով, առանց արտաքին փոխառությունների, այլեւ պարբերաբար հայտնվում է հանրապետության խոշոր հարկ վճարողների ցուցակի առաջին 50-ում, տարեկան վճարվող մոտ 2,5 մլրդ դրամ գումարով: Նաեւ դա էր «պատճառը», որ 2014 եւ 2015թթ.-ին, ունենալով իրավական հիմքեր բարձրացնել մատուցվող ծառայությունների սակագինը, ընկերությունը չգնած այդ քայլին: Անշուշտ, դրանից մենք կորցրեցինք զգալի գումար, բայց զարգացման տեմպերը չնվազեցին: Երեւան Ջուրն այսօր ֆինանսապես առողջ է ու վճարունակ: Հաճախորդների սպասարկման բարելավման համար ստեղծված 1-85 հեռախոսային կենտրոնն ու թվով 5 հաճախորդնների սպասարկման գրասենյակները նպաստեցին «Երևան Ջուր - Հաճախորդ» հարաբերությունների սերտացմանը, նրանց միջեւ վստահության մթնոլորտի ձևավորմանը, հաճախորդների դիմումներին ու բողոքներին արագ արձագանքմանը: Արդյունքում՝ նվազել է դժգոհությունը ջրամատակարարից, վերջինս դարձել է ավելի լավատեղյակ համակարգում առկա ու սպառողներին հուզող խնդիրներին, որոնց լուծումը ըստ անհրաժեշտության ներառվում է զարգացման ծրագրերում: Այս ամենը արժանավույնս գնահատվել է հասարակության կողմից: Սպառողների շրջանում իրականացված հարցումների հիման վրա Երևան Ջուր ՓԲԸ-ն 2014 եւ 2015թթ.-ին դարձավ «Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպված մրցույթի հաղթող: Կատարված հարցումները և ուսումնասիրությունները վկայում են, որ երևանցիների 90%-ը գոհ է ջրամատակարարումից, ինչն ամենամեծ պարգեւն է մեր ընկերության աշխատակիցների համար: Այսօր համակարգը նորոգ տեսք ունի: Երեւան Ջուրն այս տարիներին այն պահպանել է, շահագործել, վերանորոգել, ու այժմ նախատեսվածի պես փոխանցում է հաջորդ օպերատորին ավելի բարվոք վիճակում: Ընդ որում, անհամեմատ ավելի բարվոք, քան ենթադրում էր վարձակալության պայմանագիրը: Ավելին, հասկանալով, որ համակարգը ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է շարունակել ներդրումները, մեր ընկերությունը իրենից հետո թողնում է ոչ միայն գաղափարներ կամ պատրաստի նախագծեր, այլեւ արդեն իսկ սկսված ծրագրեր: Այսպես, նոյեմբերին մեկնարկել է Եվրամիության ֆինանսական կառույցների օգնությամբ իրականացվող նոր լայնածավալ ծրագիր ($14 մլն վարկ եւ $7 մլն դրամաշնորհ): Նախատեսվում է երկու տարվա ընթացքում մայրաքաղաքի անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում շուրջ 20.000 ընտանիք ապահովել կայուն, որակյալ ջրամատակարարմամբ: Ավելին, վերջիններիս համար ջրամատակարարի միջոցներով կկառուցվեն սեփական ջրագծեր, կտեղադրվեն դիտահորեր՝ զտիչով, փականով ու ջրաչափով, յուրաքանչյուր բաժանորդի հաշվով ծախսելով 80-100 հազար դրամ: Արդյունքում՝ կկատարվի եւս մեկ քայլ դեպի այն ջրամատակարար համակարգը, որը հարիր է քաղաքամայր Երեւանին: Այսօր՝ մայրաքաղաքի ջրմուղի փաստացի 105-ամյակի օրը, Երեւան Ջուր ընկերությունը, որի գործառույթներն ավարտվում են ս.թ. դեկտեմբերի 31-ին, իր շնորհակալությունն է հայտնում բաժանորդներին ու սպառողներին՝ այս ընթացքում բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար, ինչը զգալիորեն նպաստեց առաջընթացին ու հնարավոր դարձրեց այս լուրջ ձեռքբերումները: Մենք նաեւ համոզված ենք, որ մայրաքաղաքի ջրմուղի հաջորդ կառավարիչ նորաստեղծ Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն (հիմնադիրը նորից միջազգային մրցույթի արդյունքով արդեն ողջ Հայաստանի ջրմուղ համակարգերը 15 տարով վարձակալած ֆրանսիական Վեոլիա ընկերությունն է), ավարտին կհասցնի տարեցտարի արագացող տեմպերով իրականացող բարեփոխումները համակարգում՝ ի շահ ողջ հանրության: [b]Երեւան Ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն` Գոռ Գրիգորյան, [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր