211652_close_icon
views-count2509 դիտում article-date 15:21 28-12-2016

«Բոլորիս հայացքները պետք է ուղղված լինեն արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը». Է. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտում մասնակցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հանդիսավոր նիստին՝ նվիրված Արցախի Ազգային ժողովի ընտրությունների 25-րդ ամյակին: ՀՀ ԱԺ փոխխոսնակը հանդես է եկել ելույթով և կարևորել երկու հայրենական պետությունների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը, արցախյան հիմնախնդրի արդարացի լուծումը և հայության բոլոր հատվածների միասնականությունը: ‹‹Հարգելի քույրեր և եղբայրներ, այսօր պատմական օր է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ նաև ողջ հայության կյանքում: 25 տարի առաջ այս օրն Արցախի ժողովուրդը, ընտրելով Ազգային ժողովի պատգամավորներ, իր առաջին վճռական քայլը կատարեց դեպի ժողովրդավարական, ազատ ու անկախ հանրապետության կառուցումը: 25 տարի առաջ այս օրն Արցախի ժողովուրդը ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեց, որ ինքն է իր ճակատագրի դարբինը, որ արցախցին է այլևս լինելու իր ճակատագրի որոշողը և ինքնորոշման իրավունքը պետք է ունենա լիարժեք իրագործում: Այսօր էլ` 25 տարի անց, մենք կարող ենք արձանագրել, որ Արցախի Հանրապետությունն անշեղորեն գնում է ճիշտ ժողովրդավարության և անկախ պետականության կառուցման ճանապարհով, որտեղ պառլամենտարիզը ունի շատ զարգացած ավանդույթներ»,- ելույթում ասել էր Շարմազանովը: Փոխխոսնակը հավաստիացրել է, որ որպես ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախի Հանրապետությունը դառնա միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ: «Մեր բոլորիս հայացքները պետք է ուղղված լինեն արցախյան հիմնախնդրի արդարացի ու հայանպաստ լուծմանը»,- եզրափակել է Շարմազանովը:

Նմանատիպ նյութեր