52538 դիտում
13:13 30-12-2016
Հերթական անգամ հրշեջ-փրկարարները «Հուսո տան» հետ կանգնեցին միայնակ բնակվող տատիկների և պապիկների թիկունքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Արաբկիրի բաժնի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար, բաժնի պետի տեղակալ, փրկարար ծառայության մայոր Հ. Սիմոնյանի գլխավորությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության բոլոր ստորաբաժանումներից ներգավված թվով 16 հրեջ-փրկարար ծառայողներ մասնակցեցին Հայաստանում գերմանական Կարմիր Խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում կայացած շահառուների սուրբծննդյան տոներին նվիրված սննդի փաթեթների բաշխման գործընթացին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն այնտեղ էին ժամանել, քանի որ «Հուսո տանը» նվերները ստանում էին միայնակ բնակվող տատիկներ և պապիկներ, իսկ նրանք ի վիճակի չէին այդ՝ մոտ 22 կգ կշիռ ունեցող փաթեթները տեղափոխել իրենց տներ և կենտրոնից մինչև իրենց տուն հրշեջ-փրկարարներն ուղեկցում էին տատիկներին և պապիկներին։
Նշված միջոցառման առթիվ «Հուսո տունը» հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Բարի ավանդույթի համաձայն՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանում Գերմանական կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽ ԲՎ ԵԿ) մասնաճյուղի «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում շուրջ 490 շահառուի հանձնվեցին սննդամթերքի տոնական փաթեթներ:
Միջոցառումն իրականացավ «Գթության խոհանոցի» պատվո հովանի, Հայաստանում ԳԴՀ դեսպան պարոն Մաթիաս Քիսլերի մասնակցությամբ և նրա տիկնոջ՝ Կարին Մարմսոլերի հովանու ներքո:
Բացելով միջոցառումը Հայաստանում ԳԿԽ ԲՎ ԵԿ մասնաճյուղի գրասենյակի տնօրեն Մովսես Պողոսյանը ներկայացրեց նաև մյուս հյուրերին՝ հայաստանյան ՙԳթության խոհանոց՚ ընկերական շրջանի անդամներ պարոն Վիլհելմ Կարապետյանին և Լուսինե Ազարյանին:
Հայ ժողովրդի մեծ բարեկամ, բարերար, քահանա Կառլ-Հայնց Շայդեի գլխավորությամբ շնորհակալություն ենք հայտնում գերմանացի ժողովրդին՝ նվիրատվությունների և բարի կամքի համար: Նրանք իրենց ներդրումն ունեցան Հայաստանում բարեգործության մշակույթի զարգացմանը և նպաստեցին, որ կյանքի ստվերում հայտնված շատ կարիքավորների համար հույսի դռներ բացվեն:
Այս տարի փաթեթների համար անհրաժեշտ գումարների հանգանակմանը գեղեցիկ երանգ հաղորդեցին «Հուսո տան» տարածքում աճած եղևնիների դիմաց Հայաստանի շարքային քաղաքացիների նվիրատվությունները: Եղևնիները տոնական օրերից հետո տեղ կգտնեն նրանց պարտեզներում՝ որպես բարի կամքի, բարեսրտության և գթասրտության խորհրդանիշ:
Խորին երախտագիտությամբ շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավորներին՝ «Պռոշյան կոնյակի գործարանին», «Արմենիա Վայն գործարան» ՍՊԸ-ին, «Մարսերալ» ՍՊԸ-ին:
Շնորհակալություն ենք հայտնում նաև ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարարներին՝ աջակցության և բարի վերաբերմունքի համար: Փրկարարները մեծ օգնություն ցուցաբերեցին մեր շահառուներին՝ ծանր փաթեթները տուն հասցնել:
Ավանդաբար ծանր բեռը ընկած էր մեր կամավորների ուսերին: Նրանց ջանքերի շնորհիվ կարողացանք մեր շահառուներին լիաթոք ժպիտ պարգևել և նրանց սրտերը լցնել ջերմությամբ ու սիրով:
Առիթից օգտվելով շնորհավորում ենք ձեզ՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթվ: Թող 2017 թվականը իր հետ բերի խաղաղություն, ջերմություն, սեր, հույս և հավատ»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+