211652_close_icon
views-count5408 դիտում article-date 20:20 20-01-2017

«Այսօրվանից բոլորն իրենց գործառույթները խստագույնս կատարեն». ՀՀ վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի կայուն կառավարման կոշտ ծրագիր

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրների վերաբերյալ: Նշենք, որ ՀՀ կառավարության՝ 2016թ. դեկտեմբերի 15-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարել էր՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն ՀՀ-ում առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբեկտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ Բնապահպանական պետական տեսչություն ջրօգտագործողների ուղարկած հաշվետվությունների և ջրավազանային կառավարման մարմինների կողմից իրականացված դիտարկումների հիման վրա արձանագրվել է, որ առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն է իրականացնում շուրջ 574 տնտեսվարող սուբյեկտ: Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել Արարատյան դաշտում ըստ ոլորտների (խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, արդյունաբերական, ձկնաբուծական) ստորերկրյա ջրերի փաստացի օգտագործման, գերօգտագործման ազդեցության գնահատման, ստեղծված բնապահպանական իրավիճակի, շահագործվող հորատանցքերի փաստացի ծախսի, ջրօգտագործման թույլտվությունների և ձկնաբուծարանների գործունեության վերաբերյալ: Անդրադառնալով գերօգտագործման հետևանքներին՝ ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը նշել է, որ մոտավորապես 205 հորատանցքեր դադարել են շատրվանել, 2016 թ. դրությամբ Սևջուր գետի ակունքների աղբյուրների որոշ խմբեր անհետացել են, ինչի հետևանքով զգալիորեն կրճատվել է Հայաստանի ջրառատ գետերից մեկի՝ Սևջուր գետի սնումն ակունքում, էականորեն կրճատվել է Ակնա լճի մակերեսը և բնական ելքը: 2013-2014 թթ. վտանգվել է 29 համայնքի՝ մոտ 8000 հա հողատարածքների ոռոգումը, 2014 թ. Սևանա լճից օրենքով նախատեսված ծավալից ավելի շատ ջուր է բաց թողնվել, 2013-2014 թթ. կատարվել են լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից և այլ աղբյուրներից: Նշվել է նաև, որ ապօրինի ջրօգտագործումը բացառելու նպատակով կատարվել են մի շարք աշխատանքներ. մասնավորապես, 2014թ. առ այսօր Արարատյան դաշտում լուծարվել են 56, կոնսերվացվել՝ 63 և փականային ռեժիմի բերվել՝ 330 ինքնաշատրվանող խորքային հորեր, ինչի արդյունքում խնայված ջրաքանակը կազմել է շուրջ 28808,8 լ/վրկ՝ տարեկան 908,5 մլն մ³: Ներկայացվել են նաև ջրային ռեսուրսների կայուն կառավարման առաջարկություններ, որոնք վերաբերում էին, մասնավորապես, ջրօգտագործման համակարգում էներգախնայող և ջրախնայող տեխնոլոգիաների ներդրմանը, օրենսդրական, ինստիտուցիոնալ և դաշտային միջոցառումների անցկացմանը, նոր հորատանցքերի թույլտվությունների տրամադրման բացառմանը, լքված հորերի փակմանը և վերահսկողության համակարգի ներդրմանը և այլն: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել բնապահպանական վտանգավոր իրավիճակի բարելավմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված լուրջ քայլերի ձեռնարկումը՝ հանձնարարելով ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ: «Տալիս եք շատ կոշտ և առարկայական միջոցառումների ծրագիր և շատ կոշտ հաշվարկում եք այն լիմիտը, որը ձկանը պետք է գնա, ապրոբացիա եք անում ձկան բիզնեսով զբաղվող այն կառույցների հետ, որոնց խոսքին հավատում ենք: Եթե գողանում է, դրա դեմը պետք է առնել, այդտեղ խնդիր չկա, բայց ես ուզում եմ՝ համոզված լինենք, որ մենք արհեստական խոչընդոտներ չենք ստեղծելու բիզնեսի համար. ինչ որ ասում ենք՝ իրավունք ունենք ոչ միայն ռեսուրսի տիրոջ, այլև տրամաբանության, բարոյականության տեսանկյունից: Ինչ վերաբերում է սակագներին՝ եթե թվերը ճիշտ են, ապա պետք է սահմանել կոշտ գներ՝ տրամաբանության մեջ, մաքսիմալ կոշտ: Այսօրվանից բոլորն իրենց գործառույթները խստագույնս կատարեն», - ասել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր