211652_close_icon

Գուցե բացահայտելն ավելի ցավոտ լինի այն անձանց համար, ովքեր ուզում են, որ բացահայտվի. Մամիկոն Ասլանյան

views-count5283 դիտում article-date 16:46 21-01-2017
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հույս ունի, որ ավագանու նիստերը բոյկոտող անդամների մոտ կարթնանա քաղաքի հանդեպ ունեցած սերը: Այս մասին Մամիկոն Ասլանյանը հայտարարեց այսօր՝ պաշտոնավարման 100-րդ օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ես լուծումը տեսնում եմ, որ միգուցե որևէ պահի այդ մարդկանց մոտ կարթնանա իրենց Վանաձորի նկատմամբ ունեցած սերը, և իրենք կհայտնվեն նիստերի դահլիճում, ու մենք կշարունակենք մեր Վանաձորի ապագային ուղղված աշխատանքները»,- ասաց Վանաձորի քաղաքապետը: Մամիկոն Ասլանյանը ևս մեկ անգամ նշեց, որ տեղյակ չէ, թե հոկտեմբերի 10-ին ավագանու առաջին նիստում փակ քվեարկության ժամանակ ովքեր են մյուս կուսակցություններից իր օգտին քվեարկած 4 ավագանիները: «4-ի անունները ես չունեմ, գուցե դուք ունեք, կամ գուցե բացահայտելն ավելի ցավոտ լինի այն անձանց համար, ովքեր ուզում են, որ բացահայտվի: Ես տեղյակ չեմ այդ չորս հոգու սպառիչ անվանացանկից, միգուցե այդ հարցը կարելի է ուղղել հենց այդ չորս անդամներին կամ մնացած 18 անդամներին, թե ինչու չեն գալիս ավագանու նիստերին: Ես իմ կողմից ինչ սահմանված է օրենքով, ինչը թելադրում է բարոյականությունն ու բանականությունը, իրագործում եմ»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:

Նմանատիպ նյութեր