2959 դիտում
20:10 23-01-2017
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ինքնավնասում կատարած դատապարտյալներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի հունվարի 10-ին հատուկ այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և ուսումնասիրել նշված քրեակատարողական հիմնարկի առաջին հարկում գտնվող խցերի պայմանները:
Այցելության ընթացքում արձանագրվել է, որ առաջին հարկի բոլոր խցերի և միջանցքի պայմանները խիստ անբավարար են: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա՝ Պաշտպանն առաջարկել է դադարեցնել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին հարկի խցերի շահագործումը:
Զանգվածային լրատվամիջոցներից ստացված տեղեկությունների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 2 խցում պահվող ազատությունից զրկված անձ Կարապետ Սահակյանի քրոջ՝ Արմինե Սահակյանի ահազանգի հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները 2017 թվականի հունվարի 23-ին հերթական անգամ այցելել են նշված քրեակատարողական հիմնարկ, հանդիպել թիվ 2 խցում պահվող ազատազրկված անձանց և առանձնազրույց ունեցել վերջիններիս հետ:
Այցելության ընթացքում պարզվել է, որ 2017 թվականի հունվարի 20-ին և 22-ին թիվ 2 խցում պահվող ազատությունից զրկված անձինք կատարել են ինքնավնասումներ՝ որպես թիվ 89 խուց տեղափոխվելու որոշման դեմ բողոքի նշան: Ինքնավնասումներ կատարած ազատությունից զրկված անձանցից երեքին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, իսկ մյուսների բուժօգնությունը կազմակերպվել է քրեակատարողական հիմնարկում:
Տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները վերջիններիս հետ քննարկել են ինքնավնասումներ կատարելու պատճառները, ինչպես նաև ուսումնասիրել են այն խցի պայմանները, ուր նախատեսվում է տեղափոխել թիվ 2 խցում պահվող անձանց:
Թիվ 89 խցի անբավարար պայմանների հարցը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվել էր դեռևս 2016 թվականի նոյեմբեր ամսին՝ նշված խցում նախկինում պահվող ազատազրկման դատապարտված անձի բողոքի հիման վրա (բողոքի քննարկման արդյունքում նշված խցում պահվող ազատությունից զրկված անձինք տեղափոխվել են այլ խուց), որի համեմատ հունվարի 23-ի այցի ընթացքում նշված խցում կատարվել են որոշակի բարեկարգումներ:
Այցելության ավարտին ազատությունից զրկված ինքնավնասում կատարած անձինք համաձայնվել են տեղափոխվել թիվ 89 խուց պայմանով, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից նշված խցի բարեկարգման աշխատանքները կշարունակվեն:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 89 խցի բարեկարգման աշխատանքները գտնվելու են Պաշտպանի ուշադրության կենտրոնում:
[b]Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
1556 դիտում
11:52 17-01-2019
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակել և դատապարտյալներին տեղաբաշխել մյուս ՔԿՀ-ներում
3837 դիտում
14:28 13-06-2017
ՄԻՊ-ին ուղղված բաց նամակի և հայտարարության առիթով Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»