211652_close_icon
views-count3688 դիտում article-date 20:26 24-01-2017

Նախորդ տարվա համեմատ Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպքերը նվազել են 27,5%-ով. ԱԻՆ

Հունվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ ԱԻ նախարարության տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստ: Միջոցառմանը մասնակցում էին փոխմարզպետ Կարեն Հակոբյանը, ԱԻ նախարարության հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոնի պետ Լևոն Վարդանյանը, ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, փ/ծ գնդապետ Արշակ Վարդանյանը, ինչպես նաև՝ համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչներ: Հիմնական տարեկան զեկույցով հանդես եկավ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Գեղարքունիքի ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը՝ ներկայացնելով նաև մարզային վարչության գործունեության հիմնական ուղղությունները: 2016 թ. ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է 636 արտակարգ դեպք (2015 թ.` 877), որի հետևանքով զոհվել է 26 (2015 թ.՝ 29), մարմնական վնասվածքներ ստացել 65 մարդ (2015 թ.` 150): 2015 թ. համեմատությամբ արտակարգ դեպքերը նվազել են 241-ով կամ 27,5%-ով: Գեղարքունիքի ՄՓՎ կողմից ուսումնասիրվել է մարզի հեղեղավտանգ, սողանքավտանգ, քարաթափումների տարածքները և գետերի հուները: Քամիներից տուժած մարզի 10 համայնքներում ՄՓՎ ծառայողները համապատասխան հանձնաժողովների կազմում մասնակցել են ուսումնասիրման և պատճառած վնասի արձանագրման աշխատանքներին: Մարտունի-Այգուտ ավտոճանապարհին հարող սարալանջի քարաթափման տեղամասում ՄՓՎ ԲՊ բաժնի կողմից կատարվել են ուսումնասիրման աշխատանքներ, վտանգը վերացնելու նպատակով իրականացված պայթեցումների ընթացքում Ճամբարակի ՀՓՋ-ի կողմից սահմանվել է հերթապահություն: Ճամբարակի տարածաշրջանի սողանքի ակտիվացված հատվածում Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության, գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական ինստիտուտի փորձագետների, ԱԻՆ ՓԾ և ՄՓՎ ներկայացուցիչների աշխատակիցների կողմից կատարվել են ուսումնասիրություններ: Է. Գալստյանը ներկայացրեց նաև մարզում արտակարգ իրավիճակների կանխմանն ուղղված աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ և օբյեկտային վարժանքներ, որոնք ընդգրկել են ինչպես քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնահարցերը, այնպես էլ՝ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ պատրաստականության ապահովման խնդիրները: Գեղարքունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կատարած աշխատանքներն ամփոփեց տեսչության պետ Կ. Եդոյանը: Զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Գեղարքունիքում ստացվել է 165 ահազանգ հդեհների վերաբերյալ, որոնց պատճառած նյութական վնասի չափը կազմել է 39 մլն. 925 հազ. դրամ: Ըստ զեկուցողի՝ հրդեհների ամփոփումը ցույց է տալիս, որ դրանց մեծամասնությունն առաջացել է խոտի դեզում, չոր խոտածածկերում և սեփական տնտեսություններում: Հաշվետու նիստի ավարտին Լ. Վարդանյանը շնորհակալություն հայնտեց Գեղարքունիքի ՄՓՎ աշխատակիցներին տարվա ընթացքում կատարված մեծ աշխատանքի համար և պատասխանեց տարբեր համայնքների ներակայացուցիչներին և ղեկավարներին հուզող հարցերին: Փոխմարզպետ Կ. Հակոբյանը նշեց, որ մարզային փրկարարական վարչության և մարզպետարանի միջև առկա է սերտ համագորածկցություն, ինչն էլ թույլ է տալիս շատ խնդիրներ լուծել ավելի դյուրին կերպով: Նա դրական գնահատեց հաշվետու ժամանակահատվածում ՄՓՎ-ի կատարած աշխատանքները և հույս հայտնեց, որ հետագայում արդյունքները կլինեն ավելի բարձր:

Նմանատիպ նյութեր