Վարչապետը Սուրեն Կարայանին հանձնարարեց աշխատել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման ուղղությամբ
ՀՀ կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին մի շարք հանձնարարականներ տվեց ՌԴ պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով:
«Առաջին՝ ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկը ապահովելու ուղղությամբ: Կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություններ: Երկրորդ՝ Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավման նպատակով ՌԴ համապատասխան գերատեսչությունների, կազմակերպությունների հետ ապահովել ընթացքը և ներկայացնել ամենամսյա հաշվետվություն»,- ասաց նա:
Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ ազատ տնտեսական գոտու մեկնարկի վերաբերյալ հայտարարությունը տարածել են անցած շաբաթ և ներկայում սպասում են հայտ ներկայացնողներին: