6565 դիտում
15:16 27-01-2017
6 երթուղով կանոնավոր ուղևորափոխադրում կկազմակերպվի դեպի Ռուսաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տուլայի տարածաշրջանում 2015 թ. աշնանը Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի փաստը վերահաստատեց, որ միջազգային ուղևորափոխադրումների ոլորտի կանոնակարգումը մեր երկրում հրատապ վերանայման կարիք ունի: Դեռ 2006թ. ընդունված և մինչև վերջերս որևէ լուրջ փոփոխության չենթարկված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում անհրաժեշտ էին փոփոխություններ և լրացումներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից առաջարկվեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Մոտ 1 տարի անց` 2016 թվականի դեկտեմբերին, Ազգային ժողովում այն ընդունվեց, իսկ այս տարվա հունվարին վավերացվեց ՀՀ նախագահի կողմից:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը նշեց, որ իրավական բարեփոխումների նպատակը միջազգային ուղևորափոխադրումների անվտանգության բարձրացումն ու սպասարկման որակի բարելավումն է: Խոսքը վերաբերում է և՛ կանոնավոր, և՛ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին:
Նախկինում գործող օրենքի համաձայն՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներից պահանջվում էր ուղևորների անվանացուցակ և վճարման անդորրագիր, որոնք ներկայացվում էին Հայաստանի սահմանից դուրս գալիս: Այդ պահանջները չբավարարելու դեպքում սահմանված էր տույժ` 20.000 դրամի չափով:
Նախարարի տեղակալ Արամ Արսենյանը նշեց, որ փոխադրողների մեծամասնությունն այս պայմաններում ոչ կանոնավորի անվան տակ փաստացի իրականացնում է կանոնավոր փոխադրումներ:
«Այս օրենքով խստացրել ենք այդ պահանջը` վարչական պատասխանատվությունը հասցնելով մինչև 300.000 դրամի: Բացի այդ, որպեսզի անվանացուցակը ձևական բնույթ չկրի, այն պարտադիր պետք է ներկայացվի ինչպես Հայաստանից դուրս գալիս, այնպես էլ հանրապետություն մուտք գործելիս։ Պետք է լինի նույն անվանացուցակը` առավելագույնը 10 տոկոս տարբերությամբ»,- ասաց նախարարի տեղակալը:
Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողների համար սահմանվել է նաև 150.000 դրամի չափով պարտադիր տուրք:
Դրանից բացի, խստացվել են տոմսերի իրացման կանոնները: Միջազգային փոխադրումների ուղետոմսերը կվաճառվեն կա՛մ ավտոկայաններում, կա՛մ այն կազմակերպությունների կողմից, որոնք պայմանագիր ունեն «Հայավտոկայարան» ՓԲ ընկերության հետ:
Այն երկրներից, որոնց հետ Հայաստանը տրանսպորտային ոլորտը կարգավորող համաձայնագրեր չունի, դեպի Հայաստան ուղևորներ փոխադրողի վերջին կանգառը պետք է լինի Հայաստանում գործող որևէ ավտոկայան:
«Այդ ավտոկայանում տվյալ տրանսպորտային միջոցն անպայման կենթարկվի տեխնիկական, իսկ վարորդները՝ բժշկական զննության»,-պարզաբանեց Արսենյանը։
Խստացվել է անվտանգության ևս մեկ բաղադրիչի վերահսկողություն. այսուհետ միջազգային փոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցներում պարտադիր է տախոգրաֆի առկայությունը:
«Ավելի վաղ արտադրության մեքենաներում նախատեսվում է անալոգային տախոգրաֆների տեղադրում, իսկ նոր մեքենաներում թվային տախոգրաֆները սովորաբար ներկառուցված են լինում։ Դրանք հնարավորություն կտան վերահսկել վարորդի աշխատանքային ռեժիմը Հայաստանի տարածքում և դրա սահմաններից դուրս»,- ասաց տրանսպորտի վարչության պետի տեղակալը։
Հյուսիսային ավտոկայանի բուժկետը վերջերս նորոգվել է: Դեռ չեն հասցրել կահավորել, բայց առողջությունից գանգատվող վարորդներին և ուղևորներին սպասարկում են: Ավտոկայանի բուժքույր Քրիստինե Ասատրյանն ասաց, որ վատառողջ վարորդներին ղեկին մոտ չի թողնում:
«Վարորդների ճնշումն ենք չափում, հարցուփորձ անում ինքնազգացողությունից, եթե գանգատներ են ունենում, համապատասխան բուժօգնություն ենք տրամադրում, իսկ եթե գնահատում ենք, որ ինքնազգացողությունը բավարար չէ, փոխարինվում է ուրիշ վարորդով»,- նշեց բուժքույր Քրիստինեն։
Շուտով այստեղ բժշկական զննություն կանցնեն նոր երթուղիների վարորդները: Նախատեսվում է ներդնել 6 կանոնավոր երթուղի` դեպի Ռուսաստանի տարբեր քաղաքներ: Կշահագործվեն ինչպես խոշոր, այնպես էլ միջին տեղատարողությամբ ավտոբուսներ: Նախարարությունն արդեն հայտարարել է փոխադրողների մրցույթ։ Դավիթ Մելքոնյանը տեղեկացրեց, որ հայտատուների թիվը բավական մեծ է: Օրենքի փոփոխությունները կանոնավոր-ոչ կանոնավոր վերադասավորումները դարձրել են անխուսափելի:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3737 դիտում
19:38 27-01-2017
Անցկացվել է դեպի Ռուսաստան և Իրան կանոնավոր երթուղիների մրցույթը` 6-ը դեպի Ռուսաստան և մեկը` Իրան
1345 դիտում
21:23 18-08-2023
«ՆովԷյր» ավիաընկերությունն օգոստոսի 19-ին ուղևորափոխադրում կիրականացնի Երևան-Կապան-Երևան երթուղով
7235 դիտում
20:04 09-03-2017
Ապրիլի 1-ից կանոնավոր չվեթներ կիրականացվեն Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին