3606 դիտում
21:54 27-01-2017
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդում
Հունվարի 27-ին ԵԱՀԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ կազմակերպության Մշտական խորհրդի նիստը, որի օրակարգում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը։
Ելույթ ունենալով նիստին՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահ, Ավստրիան ներկայացնող Կլեմենս Կոյան նշեց, որ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ քննարկումների շրջանակներում մի երկիր, ըստ էության մատնանշելով Ադրբեջանին, մտահոգություն էր արտահայտել, որ գրասենյակի մարդասիրական ականազերծման ծրագիրը չի համապատասխանում առաքելության մանդատին։
Այս կապակցությամբ ԵԱՀԿ նախագահության հատուկ ներկայացուցիչը Երևան այցելության և տեղում կատարած ուսումնասիրությունների արդյունքում հանգել է եզրակացության, որ նշված ծրագիրը համապատասխանում է գրասենյակի մանդատին։ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահն ընդգծեց, որ թե նախորդ՝ գերմանական, թե ներկայիս՝ ավստրիական նախագահությունները սատարում են այդ տեսակետը։
ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահն ափսոսանք հայտնեց, որ նույնիսկ այս պայմաններում հետաձգվում է երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման որոշումը։ Նա ընգծեց, որ դա սպառնում է բացասական հետևանք ունենալ ԵԱՀԿ ողջ գործունեության վրա։
Որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծման տարբերակ՝ ԵԱՀԿ նախագահությունը հորդորեց երևանյան գրասենյակին ձեռնպահ մնալ մարդասիրական ականազերծման այդ ծրագրի իրականացումից։ Նա նաև ընդգծեց, որ երևանյան գրասենյակի մյուս բոլոր ծրագրերն անխափան պետք է շարունակվեն։ ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահությունը երախտագիտություն հայտնեց Հայաստանին՝ որպես գրասենյակն ընդունող երկիր, հարցին ըմբռնումով մոտենալու համար։
Նիստի նախագահողը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ մասնակից որոշ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով այդպիսի ծրագրեր իրականացնել։ Ավստրիական նախագահությունը կոչ արեց ԵԱՀԿ մասնակից երկրներին աջակցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը, քանի որ դա կարևոր է ողջ կազմակերպության համար։
ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ բացառիկ կառուցողական դիրքորոշման համար։
Ադրբեջանը հայտնվեց մեկուսացման մեջ և, հակառակվելով ԵԱՀԿ մասնակից 56 երկրներին, դեմ արտահայտվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգմանը։
ԵԱՀԿ մասնակից մի շարք երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ, Եվրոպական միությունը, Կանադան, Շվեյցարիան, իրենց ելույթներում սատարեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը։
Նմանատիպ նյութեր
1261 դիտում
16:42 19-01-2014
ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի ելույթը ԵԱՀԿ Մշտական Խորհրդում
1572 դիտում
16:31 17-01-2019
Քրիստիան Տեր-Ստեփանյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից
2220 դիտում
14:26 18-02-2017
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին. քննարկվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը
Այս բաժնից
571 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր
772 դիտում
17:37 18-10-2024
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչ