6790 դիտում
21:46 27-01-2017
«Մենք գյուղատնտեսությունում որոշակիորեն ոչ ճիշտ ուղղություն ենք ընտրել». ՀՀ վարչապետն Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները
Այսօր՝ հունվարի 27-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ: Վարչապետի մասնակցությամբ Մուսալեռ համայնքում տեղի է ունեցել ոսկերչական զարդերի արտադրության նոր գործարանի հիմնարկեքի արարողությունը: Այն կառուցում է «Բագեզյան» ընկերությունը, որն այժմ գործունեություն է ծավալում նաև «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում և նոր գործարանի կառուցմամբ նախատեսում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը Հայաստանում: Ակնկալվում է, որ գործարանը կապահովի 500-600 նոր աշխատատեղ, իսկ առաջին մասնաշենքը պատրաստ կլինի տարեվերջին: Ոսկերչական իրերի արտադրանքը նախատեսվում է արտահանել ԱՄՆ, Եվրոպա, ՌԴ և Թուրքիա:
Այնուհետև վարչապետն այցելել է Արմավիրի պահածոների նախկին գործարանի տարածք, ծանոթացել գործարանի վերագործարկման ծրագրերին: «Սարգիս-Կարոլինա» ընկերությունը նախատեսում է առաջիկայում գործարանում իրականացնել վերակառուցման աշխատանքներ և կազմակերպել մեծածավալ մթերումներ: Գործարանում նախատեսվում է նաև կազմակերպել մանկական կերերի արտադրություն: Ծրագրի ներդրումային ծավալն, ընդհանուր առմամբ, կկազմի 7-8 մլն ԱՄՆ դոլար:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է վերը նշված ներդրումային ծրագրերի իրականացումը և նշել, որ կառավարությունն անհրաժեշտության դեպքում պատրաստ է տարբեր միջոցներով ցուցաբերել օժանադություն:
Արմավիրի մարզպետարանում Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև մարզի համայնքների ղեկավարների ու գործարարների հետ, քննարկել խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարը նշել է, որ այցի նպատակն է քննարկել մարզի զարգացման ծրագրերը, ուրվագծել հետագա քայլերը:
Վարչապետի խոսքով կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում ախտորոշվել են տարբեր ոլորտների խնդիրները և ամփոփվել կատարված աշխատանքները: «Ունենալով յուրաքանչյուր ճյուղի զարգացման ծրագիրը՝ դրա հիման վրա էլ կարող ենք կառուցել երկրի զարգացման ռազմավարությունը: Այսօր ակնկալում ենք բաց, պրագմատիկ, գործնական խոսակցություն, որպեսզի մարզերի մեր գործընկերները ներկայացնեն զարգացման իրենց տեսլականը, առավելությունները, խնդիրները, պայմանավորվենք, թե ուր ենք գնում»,- նշել է վարչապետը: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ կառավարությունում ամփոփվել են հինգ մարզերի այցերը, ստացված 44 ծրագրերից 34-ին տրվել է ընթացք: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ նման աշխատանքները կրելու են պարբերական բնույթ:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա անելիքները: Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ մարզի 97 համայնքներից 87-ի զարգացման հնգամյա ծրագրերն արդեն իսկ հաստատվել են, այժմ ընթացքի մեջ են 2017-2025 թվականների մարզի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով Արմավիրի ուժեղ և թույլ կողմերը, խնդիրներն ու հնարավորությունները: Մարզպետի տեղեկացմամբ, Արմավիրում ընթացքի մեջ են գրեթե 150 մլրդ դրամի ծրագրեր, ևս 50 մլրդ դրամի ծրագիր նախատեսվում է իրականցնել 2017-ին: Ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ուղղված են գյումթերքի վերամշակմանը, խտանյութերի արտադրությանը, ջրամակատարարման համակարգերի վերակառուցմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, աղբի վերամշակմանը, բամբակի, կարի արտադրությունների հիմնմանը, էներգետիկայի, ոսկեգործության, զբոսաշրջության և այլ ոլորտներին:
Վարչապետը կարևորել է համայնքային բյուջեների շարունակական ավելացումը, այդ ուղղությամբ առկա հնարավորությունների գույքագրումը և նշել. «Մենք կանգնելու ենք այն մարդու կողքին, որն իր վրա բեռ է վերցնում: Յուրաքանչյուր համայնք, մարզ պետք է հասկանա, թե գալիք տարիներին ինչ է ցանկանում, դրա համար պետք է գույքագրենք մեր կարողությունները, իրական վերլուծություն կատարենք և համարձակ գնանք առաջ»:
Մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ Արմավիրում առկա 97 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից մշակվում է 48 հազարը, ինչը 2015 թվականի համեմատ ավելի է 18 հազար հեկտարով: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է՝ մարզում կա՞ն ժամանակակից ֆերմերային տնտեսություններ, որոնք կիրառում են կաթիլային ոռոգման համակարգ:
«Իմ կարծիքով՝ մենք գյուղատնտեսությունում որոշակիորեն ոչ ճիշտ ուղղություն ենք ընտրել, տեսական հիմք ընդունելով այն, թե յուրաքանչյուր գյուղացի լավ գյուղատնտես է: Գյուղացի կա, որը լավ գյուղատնտես չէ, նա ուսում չի ստանում, չի փորձում հասկանալ նոր մեթոդները, իսկ մենք սուբսիդավորման ծավալներն ավելացնում ենք, սակայն որակ չենք փոխում: Այդ առումով, ձեր նպատակը պետք է լինի ուսումնական դասընթացների կազմակերպումը ագրարային համալսարանի միջոցով: Միշտ չէ, որ պապական ձևով հող մշակելու դեպքում այն լավ բերք է տալիս: Աշխարհը փոխվել է»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Խոսելով առողջապահության ոլորտի մասին՝ Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է՝ արդյոք պետական բյուջեի միջոցները բուժհիմնարկների միջև արդարացի են բաշխվում: «Մենք պետական միջոցները վերաբաշխում ենք այնպես, որ մեկը հայտնվում է արտոնյալ վիճակում և դրանից ելնելով իր կլինիկան չի ցանկանում զարգացնել, իսկ մյուսը՝ ոչ արտոնյալ վիճակում, արդյունքում՝ վերջինս լրացուցիչ գումար ներդնելու տրամաբանություն չի տեսնում ու ստվերը մեծանում է:»,- ասել է վարչապետը՝ խնդրի լուծման գործում կարևորելով մասնավոր կառավարիչների ներգրավումը:
Ներկայացնելով մարզում կրթության ոլորտի իրավիճակը՝ մարզպետարանի պատասխանատուն նշել է, որ ուսուցիչների թիվը գերազանցում է պահանջարկը, սակայն միևնույն է այդ պարագայում ևս տարբեր համայնքների ուսումնական հաստատություններում առկա է մասնագետների կարիք: «Մենք դպրոցներում ունենք ուղիղ երկու անգամ ավելի հաստատուն ծախս: Անհրաժեշտ է օպտիմալացման արդյունքում ծախսերը նվազեցնելով՝ ուսուցիչներին ավելի վճարելով՝ շահագրգռել՝ դասավանդել հարակից համայնքների դպրոցներում»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարներն ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, փոքր և միջին բիզնեսի զարգացման ներդրումային ծրագրեր և առաջարկություններ, որոնք փաթեթների տեսքով առաջիկայում կքննարկվեն կառավարությունում:
Նմանատիպ նյութեր
8596 դիտում
16:23 04-11-2017
Արցախի վարչապետը ՀՀ բանկերի ղեկավարների հետ քննարկել է տնտեսության զարգացման հեռանկարները
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»