13172 դիտում
18:05 28-01-2017
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակը շնորհավորել են նրանք՝ ապրիլյան քառօրյա պատերազմի համալսարանական ուսանողները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1991 թ.-ից ի վեր Հայոց բանակը կայացման և զարգացման փուլում էր: Տարիների ընթացքում այն դարձավ հզոր և անխախտ, որն ունակ է պաշտպանելու հայրենիքի սահմանները:
Անցնող 25 տարիները, անխոս, եղել են ձեռքբերումների և մարդկային կորուստների տարիներ, բայց արի ու տես, որ այն արդյունք է միասնականության և հայրենասիրության… Այդ գործում կարևոր ներդրում ունեն նաև համալսարանականները, ովքեր, կիսատ թողնելով իրենց ուսումը, գնում են ծառայության, աչքի ընկնում ոչ միայն իրենց գիտելիքներով, այլև մարտական պատրաստվածությամբ: Հայոց բանակի կազմավորման 25-ամյակը շնորհավորել են նրանք՝ ապրիլյան քառօրյա պատերազմի համալսարանական ուսանողները…
Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ: Փա՛ռք Հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին ու հայ ժողովրդին: Յուրաքանչյուր երկրի զինված ուժերի գերագույն խնդիրը սեփական ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ այդ զինված ուժերի գաղափարախոսության հիմնական բովանդակությունը պետք է ուղղված լինի մեկ խնդրի լուծմանը` պաշտպանել հայրենիքի ամբողջականությունը և ազգային պետական շահերը: Միտքս ավարտեմ մեծն Գարեգին Նժդեհի խոսքերով` «Ժողովուրդները նախ և առաջ իրենց ամենաընտիր որդիների արյունով կսրբեն իրենց երկիրը և ապա սրբացած հողի վրա կբարձրացնեն շենքն իրենց անկախության: Այո´, նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա` ազատ և երջանիկ Հայրենիք»:
Սևակ Մկրտչյան,
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 1-ին կուրս
Հայրենիքը սկսվում է սահմաններից, իսկ այդ հայրենիքը պահում է մեր Հայոց բանակը: Տոնդ շնորհավո՛ր, Հայո՛ց բանակ։ Շնորհավորում եմ առաջին հերթին մեր սահմանապահ զինվորներին՝ ցանկանալով նրանց քաջառողջություն և խիզախություն: Հպարտ եմ, որ ծառայել եմ Հայոց բանակում: Այդ ընթացքում հասկացել եմ մի բան՝ խաղաղություն ունենալու համար պետք է պատրաստվել պատերազմի: Կցանկանայի, որ այս 25-ամյակը սկիզբ դներ մի նոր հույսի ու լույսի, որ էլ երբեք արցունք չհոսի զինվոր ծնած ծնողների աչքերից:
Սարգիս Նիազյան,
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 1-ին կուրս
(ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է
«Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալի)
Մի քանի ամիս առաջ եմ ավարտել ծառայությունս, անցել որոշակի փորձությունների միջով: Ներկա պահին դիրքերում է նաև եղբայրս: Երկուսիս համար էլ միշտ կարևոր է եղել հայրենիքի հանդեպ պարտքը կատարելը: Շնորհավորում եմ նրան, ինչպես նաև բոլոր այն տղաներին, ովքեր այս պահին պահում են հայրենիքի սահմանները: Ցանկանում եմ նրանց բարի ծառայություն, խաղաղ երկինք ու ամենակարևորը՝ «դուխով» լինեն: Մենք ցանկացած պահի նրանց կողքին ենք: Այսօր մեր բանակը նրանցով է հզոր և նրանցով է հպարտ ողջ ազգը…
Ես մասնակցել եմ ապրիլյան պատերազմին, և իմ մեջ դաջվել է այն գաղափարը, որ ինչ մերն է, չպետք է լինի ուրիշինը: Հիմա, ով ծառայում է Հայոց բանակում, շարժվում է այդ գաղափարով: Դրա համար է, որ մեր հայրենիքը հզոր և անսասան է:
Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ. պի՛նդ եղեք, տղե՛րք, մենք ձեզ սիրում ենք…
Արթուր Սարգսյան,
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս
(ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալի)
Բանակային երկու տարիները տղայի համար կարող են լինել լավագույնն ու ամենահետաքրքիրը միայն սեփական դերն ու գործը արժևորելու դեպքում: Ուստի պետք է գնահատել ու պատասխանատվությամբ մոտենալ այն գործին, որին սրբորեն անդամագրվել եք։
Հայոց զինված ուժերին մաղթում եմ տոկունություն, բարձր մարտական պատրաստվածություն, մշտական կայուն բարոյահոգեբանական վիճակ և այս ամենի հետ միայն խաղաղություն:
Կորյուն Սիմոնյան,
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս
(ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է
«Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանի)
Հունվարի 28-ը մեր անկախ Հայաստանի ամենահիշարժան և սուրբ տոներից մեկն է: Այն յուրաքանչյուր հայի համար կարևոր դերակատարություն ունի. չէ՞ որ արտացոլում է մի ողջ ազգի կյանք, ինչպես նաև արտահայտում ուժն ու սերը դեպի իր զինվորը: Հայ զինվորի անկոտրուն կամքի, ջանքի և արյան գնով ենք մենք հասել այս օրվան, այս պետության ստեղծմանն ու կայացմանը: Անկախ երկրի զինվոր և քաղաքացի լինելը կարևոր ու պատասխանատու կոչումներ են: Շնորհակալ և պարտավորված եմ երկրիս զինվորը լինելու, հայրենիքի հանդեպ պարտքս կատարելու համար: Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր և հիշարժան տոնի կապակցությամբ…
Տիգրան Պետրոսյան,
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, 1-ին կուրս
Շնորհավորում եմ մեր բանակի կազմավորման 25-ամյակը: Մաղթում եմ խաղաղություն, որն ամենակարևորն է: Փառք այն տղաներին՝ իմ ընկերներին, ովքեր, պատերազմի ժամանակ գտնվելով կողքիս, իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Մեծ ուշադրության են արժանի այն տղաները, ովքեր հայրենիքի պաշտպանության համար մեծ ներդրում ունեն…
Մարտին Բաղդասարյան,
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս
(ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի)
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան