211652_close_icon
views-count27658 դիտում article-date 21:21 28-01-2017

Այն ինչ տեսանք դիրքերում՝ աննկարագրելի էր. Ազատամարտիկ Ռոմիկ Մխիթարյանը՝ հայ զինվորի ու «Ախպերս ու ես» երգի իրական պատմության մասին․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգ-երաժշտությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր կյանքում։ Այն ոչ միայն ժամանցի կամ զվարճության համար է, այլև լուրջ ազդեցություն է թողնում մարդու հոգեկան, հուզական աշխարհի վրա, նաև ստիպում է հաղթել: Ռազմի դաշտում հայրենասիրական, մարտական ոգով երգերը զենքին հավասար դեր են խաղացել: Ի տարբերություն այլ ոճի երգերի՝ հայրենասիրական երգերը, երբեք չեն մեռնում: Այն հայի ապրած կյանքն է, ուժն ու հաղթանակը: Այս երգերի թվում «Ախպերս ու ես» սիրված հայրենասիրական երգն է, որը սակայն այժմ տարածված է ձևափոխված տարբերակով և այնքան էլ մոտ չէ երգի իրական տարբերակին: Թե ում է նվիրված երգն ու ով է հեղինակը, մեր թղթակցի հետ զրույցում պատմել է ՀՀ ԵԿՄ վարչության անդամ, ՄԷԳՎԱԽ կամավորական ջոկատի փոխհրամանատար, փոխգնդապետ, «Էլիպս» ռոք խմբի մեներգիչ Ռոմիկ Մխիթարյանը: ««Ախպերս ու ես» սիրված հայրենասիրական երգը գրվել է 1990-ականներին՝ Արցախյան գոյամարտի թեժ տարիներին, հենց խրամատում: Երգի հեղինակը Աշոտ Բեգոյանն է, ով հայտնի է որպես գուսան Տոտիկ: Այն նվիրվել ինձ ու Ռոլանդին, սակայն այն կռվող ախպերության երգն է»,-ասաց Ռոմիկ Մխիթարյանը: «Արծիվ 28» ջոկատը, կազմավորվել է 1989 թվականին: Ռոմիկ և Ռոլանդ եղբայրները 1989-1994թթ. բոլոր մարտական գործողություններին մասնակցել են: Նրանց են միացել էր նաև նրանց եղբոր՝ ժանի տղան՝ լուսահոգի Արմենը, հետո նաև Ժանը, Ռոլանդի տղան, Ռոմիկ Մխիթարյանի աներորդին և այլն: 1993թ. Մարտակերտում գոյամարտի ժամանակ եղբայրները պատահաբար հանդիպել են Տոտիկին, ով մեկ այլ ջոկատի հետ է եղել, սակայն միացել է եղբայրներին: Գուսան Տոտիկն ու եղբայրները վաղուց են ճանաչել միմյանց: Տոտիկը որպես ակորդեոնիստ իր առաջին քայլերն սկսել է Ռոմիկ և Ռոլանդ եղբայրների մոր մոտ, ով աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի համույթում, այնուհետև իր խումբն է ստեղծել: Տիկին Լենան, ավելի ուշ Տոտիկին ստիպել է նաև երգել: Պատահականություն չէ, որ նա երգը հենց այս եղբայրներին է նվիրել, քանզի նրա աչքի առաջ են զարգացել դեպքերը, մոր հետ հրաժեշտները… «Մայրս մեկ անգամ է թաց աչքով մեզ ճանապարհել: Առաջին անգամ, երբ եղբորս հետ որոշեցինք, որ կռիվ ենք գնում, մայրս ճանապարհելիս արցունքն աչքերին ասաց. -Բայց ինչու՞ դուք -Բա ո՞վ… Մամ ջան չտխրես, շատ չմտածես, կռիվ ենք գնում ախպերս ու ես: Այդ օրվանից մայրս մեզ միշտ ուրախ, ոգևորող տրամադրությամբ է ճանապարհել, չնայած, որ հետո լացել ու տանջվել է»,-պատմեց Ռոմիկ Մխիթարյանը: Նրա խոսքով՝ Տոտիկն այդ ժամանակաշրջանում շատ երգեր է գրել, որոնք այժմ մոռացության են տրվել: Երաժշտական ընտանիքում մեծացած ու Տոտիկի հետ մարտական ուղի անցած Ռոմիկ Մխիթարյանը խոստացավ, որ գուսանի կնոջ օգնությամբ այդ երգերին նոր կյանք կտա: Այն հարցին, թե որն է «Ախպերս ու ես» երգի իրական բովանդակությունն ու երաժշտությունը և ինչու է այն այժմ հնչում այլ տարբերակով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս երգի ամբողջ էֆֆեկտն այն է, որ այն ոգևորում է, մարտական երգ է: Խրամատներում այս երգը թնդում էր: Երգը դարձրել են ողբ, նոր խոսքեր են ավելացրել, որտեղ եղբայրները զոհվում են, դառնում արծիվներ, սակայն այս երգը ողբ չէ: Այն ոգևորող դուխով երգ է և բոլորովին էլ լացակումաց երգելու համար չէ, հակառակը՝ խրոխտ ու ժպիտով է պետք այն կատարել: Իմ լավ ընկերոջ՝ Խաչիկ Եղոյանի նախաձեռնությամբ ես փորձել եմ վերականգնել երգի իրական տարբերակը»: Ռոմիկ Մխիթարյանը մինչ այսօր զինվորի կողքին է, ով չի մոռանում իր հետ տանել նաև իր որդիներին: Ամեն պատեհ առիթով զինվորին իր խորհուրդն ու հմտությունն է փոխանցում, զգոնության կոչ անում, թշնամու թույլ և ուժեղ կողմերը մատնանշում: Այն հարցին թե, ինչ տարբերություն կա հին ու նոր սերնդի զինվորների միջև, թե ինչպես են նրանք իրենց դրսևորում պատերազմի ժամանակ, ազատամարտիկը հպարտությամբ նշեց. «Ես պատիվ եմ ունեցել 1992 թ.-ի առաջին զորակոչի զինվորների հետ մարտի դուրս գալ: Ամեն ինչ տեսել ենք ռազմի դաշտում , սակայն այն, ինչ տեսանք դիրքերում, թե ինչպես են մեր տղերքը փայփայում իրար, խնայում, փոխարինում, դա աննկարագրելի էր: Գժության աստիճանի դուխով ենք մեր տղերքը: Ւբր գնացել էինք օգնելու, բայց մենք նրանցից ավելի շատ բան սովորեցինք: Այ՛ թշնամին նույն է մնացել, միայն զենքն է ավելացել: Նույն վախկոտն ու դավաճանն է, դրա համար է մերոնք 1/100 ջարդում են: Ռոմիկ Մխիթարյանի կարծիքով ՝պատերազմը չի ավարտվել: Ապրիլյան դեպքերը Քառօրյա պատերզմ չէր, դա պատերազմի շարունակությունն էր: «Մեր բանակին մաղթում եմ հաղթանակած խաղաղություն: Ամենակարևորը՝ խաղաղ օրերին զոհեր չունենանք: Շնորհավորում եմ բոլոր զինվորներին: Ուզում եմ, որ յուրաքանչյուր զինվոր վերադառնա իր ընտանիք, որ ոչ մի մոր աչք չթրջվի, դա ամենասարսափելի բանն է: Խաղաղ ծառայություն: Ու թե ինչ որ բան պատահի տղամարդավարի պահեք, մինչև մենք մի քանի ժամից Ձեզ կհասնենք: Պետք է ամեն մարդ իմանա իր անելիքը, ազգովի պետք է պատրաստ լինենք ամեն վայրկյան: Պետք է, ուրեմն պիտի կռվենք: Քանի կանք, Ձեր կողքին ենք»,-հայոց բանակի 25-ամյակի առթիվ իր շնորհավորական խոսքում ասաց կյանքի ու մահվան հետ կռիվ տված, հայերնիքի համար կյանքը չխնայող, միշտ զինվորի կողքին գտնվող շատ համեստ մի անձնավորություն Ռոմիկ Մխիթարյանը: Նյութի հեղինակ՝ Կարինե Գևորգյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր