2793 դիտում
19:54 01-02-2017
Հայ-ամերիկյան հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել. Ռիչարդ Միլս
Կարճ ժամանակահատվածում մենք ականատես ենք եղել այնպիսի իրադարձությունների, որոնք փոխել են Հայաստանի քաղաքական և տնտեսական համայնապատկերը, ինչպես նաև ի ցույց դրել երկրի անընկճելիությունն աղետալի իրավիճակներում: Հայ-ամերիկյան առևտրային պալատի ծրագրերի ներկայացման ժամանակ այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության գերակա խնդիրը ԼՂՀ խաղաղ կարգավորումն է:
«Այս 15 ամիսների ընթացքում և առավելապես ապրիլյան ողբերգական բախումներից հետո ինձ պարզ դարձավ, թե Լեռնային Ղարաբաղի կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, թանկարժեք ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե՛ հայերի, թե Հայաստանի միջազգային ու սփյուռքի բարեկամների կողմից, չեն ուղղվում մեր ընդհանուր նպատակներին, և այն գերակա ուղղություններին, որ ես և դեսպանատունը սահմանել ենք մեզ համար: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան, քանի որ դրա պատճառով փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների և մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն»,- ասաց նա:
Անդրադառնալով հայ-ամերիկյան առևտրային պալատի գործունեությանը՝ դեսպանը փաստեց՝ հայ-ամերիկյան գործարար հարաբերությունների խորացումն այն ոլորտն է, որտեղ ամենամեծ զարգացումն է արձանագրվել:
«Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում գյուղատնտեսությունը դարձել է զարգացող պոտենցիալ ուղղություն, մեկնարկել է գյուղական համայնքների զարգացման 41 ծրագիր՝ 600-ից ավելի աշխատատեղերի ստեղծմամբ: Սա նշանակում է, որ գյուղական համայնքներից մարդկային արտահոսքը զգալի նվազել է: Տնտեսության գերակայություններից մեկն էլ հայ և ամերիկացի գործարարների միջև կապերի ամրապնդումն է: Նախատեսվում է, որ ՀՀ էներգետիկ հանքաարդյունաբերական ոլորտներում ԱՄՆ ներդրումների արդյունքում զգալի թվով աշխատատեղեր կստեղծեն: Հայաստան-ԱՄՆ առևտրային կապերի ամրապնդման նպատակով ստեղծված խորհուրդը հարթակ է ապահովում երկկողմ հարաբերությունների կայացման համար»,- նկատեց Ռիչարդ Միլսը՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարությունը պարտավորություններ ունի Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև:
Ամերիկացի դիվանագետի խոսքով, իրենց աշխատանքների երկրորդ գերակա ուղղությունը Հայաստանում կոռուպցիան վերացնելու պայքարն է, ինչի մասին վկայում են մի շարք հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ իշխանությունների հետ իրականացված աշխատանքները:
«Կոռուպցիան հաղթահարելու համատեքստում խիստ կարևոր է, որպեսզի հայաստանյան կառավարությունը հանդես բերի կամք և հստակ հայտարարի, որ անկախ քաղաքական դիրքից՝ բոլորն օրենքի առջև հավասար են: Անելիքներ այս առումով դեռ շատ կան: Պետական պաշտոնյաների կողմից ունեցվածքի ոչ ամբողջական հայտարարագրումը, օրինակ, պետք է առիթ դառնա, որ տվյալ անձն այլևս չկարողանա բարձր պաշտոններ զբաղեցնել: Մինչդեռ հայկական լրատվամիջոցներում այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքի մասին հրապարակումները, ցավոք, կառավարության կողմից քննության չեն առնվում և այդպես էլ անարձագանք են մնում»,- ընդգծեց Ռիչարդ Միլսը:
Նմանատիպ նյութեր
3025 դիտում
20:13 24-01-2017
Հայ և թուրք ֆոտոլրագրողների ցուցահանդեսն այն կողմ է պատմությունից, այն կողմ է քաղաքականությունից. Ռիչարդ Միլս
1778 դիտում
16:59 20-01-2016
ԱՄՆ կառավարությունն ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ. Ռիչարդ Միլս
1784 դիտում
08:57 01-07-2016
Հետաքննության մեխանիզմի վերաբերյալ առաջարկը ներկայացված է կողմերի քննությանը. Ռիչարդ Միլս. «Ժողովուրդ»
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»