10548 դիտում
11:35 07-02-2017
2017թ. ապրիլի վերջից ուժի մեջ կմտնի «Գնումների մասին» նոր օրենքը. ավարտվել է «Պետական գնումներ» խորագրով սեմինարը
Փետրվարի 4-5-ը Ծաղկաձորում ՀՀ ֆինանսների նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ (GIZ) կազմակերպել էր «Պետական գնումներ» խորագրով սեմինար՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ:
Սեմինար-քննարկմանը մասնակցում էին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և օրենքի մշակմանը ներգրավված ԱԺ փորձագետներ:
2016 թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «Գնումների մասին» նոր օրենքը, որի հիմքում պետական ֆինանսների ծախսման արդյունավետության բարձրացման և կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման նպատակներն են:
Ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի` «Գնումների մասին» նոր օրենքով գնման գործընթացը բավականին պարզեցվել է. եթե նախկինում կար թվով 7 գնման ընթացակարգեր (բաց ընթացակարգ, պարզեցված ընթացակարգ, բանակցային ընթացակարգ` հայտարարությամբ, բանակցային ընթացակարգ` առանց հայտարարության, մրցակցային երկխոսություն, սահմանափակ ընթացակարգ), ապա նոր օրենքով գործում է միայն 4-ը ՝ էլեկտրոնային աճուրդ, մրցույթ, գնանշման հարցում և մեկ անձից գնումներ: Նախարարը կարևորեց պետական մարմինների հետ բիզնես հանրության անմիջական շփման նվազեցումը, հակակշռման մեխանիզմների և արտադատական բողոքարկման անկախ ու գործուն համակարգի ներդրումը:
Նախարարի խոսքով` էլեկտրոնային հարթակը զսպաշապիկ է պետական պաշտոնյաների համար, քանի որ այդ հարթակում բիզնեսի ներկայացուցիչները անկաշկանդ ներկայացնում են իրենց գնային առաջարկները, և ավելի լավ առաջարկ ներկայացնողը չի կարող դուրս մնալ գործընթացից, քանի որ այդ ընթացակարգը թափանցիկ է բոլորի (բիզնեսի, քաղաքացիական հասարակության, վերահսկողների) համար:
«Համարձակ քայլերի ենք գնացել»,- վստահեցրեց նախարարը:
Միջոցառմանը «Պետական գնումներ» թեմայի շրջանակում զեկույցներով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը՝ «Գնումների ոլորտում իրականացված բարեփոխումներ», Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը՝ «Գնումների մասին>> ՀՀ նոր օրենք, Գնումների գործընթացի կարգավորման և համակարգման բաժնի պետ Վահե Մահտեսյանը՝ «Գնումների կազմակերպման գործընթաց», Գնման գործարքների հաշվառման բաժնի պետ Արթուր Ասատրյանը՝ «Գնումների կազմակերպման կիրառում» թեմաներով:
«2017թ. ապրիլի վերջից ուժի մեջ կմտնի «Գնումների մասին» նոր օրենքը, որի համաձայն՝ պետական գնումներին մասնակցող անձանց տեխնիկական, որակական և ֆինանսական տվյալները հասանելի են դառնալու բոլորին», - ասաց Կարեն Թամազյանը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի վերջին ընդունված «Գնումների մասին» ՀՀ օրենքի նպատակն է ապահովել առավել թափանցիկ և արդյունավետ գնումներ։ «Մեր նպատակներից է ավելացնել մրցակցությունը պետական գնումների բնագավառում, նախատեսում ենք ներդնել նոր վերլուծական գործիքներ, որոնց կիրառմամբ հասարակության շահագրգիռ անդամները կկարողանան ինքնուրույն ուսումնասիրել և վերլուծել ցանկացած գնման գործընթաց»,- հավելեց Կարեն Թամազյանը:
Պետական գնումների էլեկտրոնային համակարգի արդիականացման արդյունքում ներդրված նոր սկզբունքները կարգելեն միմյանց հետ փոխկապակցված ընկերություններին մրցույթի մասնակցության հայտ ներկայացնել։ Բացի այդ, մրցութային հանձնաժողովի անդամների համար մրցույթի մասնակիցների ցանկը մինչև վերջ գաղտնի կպահվի։
«Փորձել ենք հավասարության դաշտ ստեղծել բոլոր մասնակիցների համար, մրցույթ կառավարելու հնարավորություն պատվիրատուն չի ունենալու»,- ոլորտի բարեփոխումներին նվիրված քննարկմանը նշեց ՀՀ ՖՆ պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը։
Բարեփոխումների հեղինակների կանխատեսմամբ, նոր համակարգը թույլ կտա 2017թ-ի ընթացքում գնումների ավելի քան 90 %-ն իրականացնել էլեկտրոնային համակարգի միջոցով։ 2016 թ-ի վերջին ԱԺ-ի ընդունած գնումների մասին նոր օրենքն ուժի մեջ կմտնի ս.թ. ապրիլի 25-ին։
Սեմինարի երկրորդ օրը տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի ասուլիսը: Նախարարը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին: Վարդան Արամյանը նշեց, որ ՀՀ պետական պարտքը 2016 թվականին կազմել է շուրջ 5.9 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում և Կենտրոնական բանկի պարտքը, որը շուրջ 503 մլն դոլար է:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով` այդ պարտքից ՀՀ կառավարության ընդհանուր պարտքը կազմում է 5.4 մլրդ դոլար, որը ՀՆԱ-ի 54%-է :
Այս տարվա համար նախարարը հույս հայտնեց, որ եթե կատարվի բյուջեն այնպես, ինչպես կանխատեսված է, տարին կամփոփվի շուրջ 6 մլրդ 250 մլն դոլար պարտքի ցուցանիշով` ներառյալ Կենտրոնական բանկի պարտքը:
«Բոլոր հարաբերական ցուցանիշներով Հայաստանը գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում, բացի այդ, առաջիկա տարիներին կանխատեսվող զարգացումներն այնպիսին են, որ մենք կարծում ենք՝ պարտքի ոլորտում էական խնդիրներ չենք ունենա», -նշեց Վարդան Արամյանը:
Ներկայացվեցին նաև Armeps էլեկտրոնային գնումների համակարգով գնումների կազմակերպման գործընթացը, կիրառման ձևերը՝ լրատվամիջոցների նախընտրած գերատեսչությունների և կազմակերպությունների օրինակով:
Նմանատիպ նյութեր
1902 դիտում
15:33 05-03-2015
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքը
3500 դիտում
10:55 22-07-2020
Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ. առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ. վարչապետ
3211 դիտում
16:15 31-07-2014
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի ընտանեկան ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքը
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»