Դամասկոսի բանտում հազարավոր մարդիկ են մահապատժի ենթարկվել 4 տարվա ընթացքում. Amnesty International
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի «Սայեդնա» զինվորական բանտում իրականացված կտտանքների ու մահապատիժների շուրջ իր հետաքննության արդյունքները։
BBC-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպանները պնդում են, որ 2011 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում այդ բանտում մահապատժի է ենթարկվել 5000-13000 կալանավոր։ Եզրակացությունն արվել է բանտի նախկին աշխատակիցների ցուցմունքների, ինչպես նաև նախկին բանտարկյալների տված վկայությունների հիման վրա։
Մասնավորապես, հարցազրույց է վերցվել 31 նախկին կալանավորներից, բանտի նախկին 4 վարչական պատասխանատուներից ու պահակախմբի անդամներից, 3 սիրիացի դատավորներից, 3 բժիշկներից, ովքեր աշխատել են Թիրինի հոսպիտալում, 4 փաստաբաններից, 17 միջազգային ու սիրիացի փորձագետներից և նախկին 22 կալանավորների ընտանիքի անդամներից։
«Դժվար է պատկերացնել, որ նման մասշտաբային ու սիստեմատիկ գործունեությունը Սիրիայի կառավարության անդամների կողմից երբևիցե չի կասեցվել»,-նշում են հոդվածի հեղինակները։