Կդյուրացվի Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան
Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն ԱՄԷ-ում, Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում և Օմանում կացության կարգավիճակ ունեցող Հնդկաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան ՀՀ մուտքի վիզա ձեռք բերել ՀՀ սահմանային անցման կետերում:
Հիմնավորման համաձայն՝ համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է այդ տարածաշրջանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը խթանելու անհրաժեշտությամբ: Տարեցտարի ավելանում է Պարսից ծոցի տարածաշրջանից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը:
Ներկայումս չվերթներ են իրականացնում ԱՄԷ-ից FlyDubai, Air Arabia, իսկ Կատարից՝ Qatar Airways ավիաընկերությունները: Ապագայում ակնկալվում է ավելացնել ինչպես արդեն մեր շուկայում գործող ավիաընկերությունների չվերթների քանակը, այնպես էլ ներգրավել այդ տարածաշրջանի այլ ավիաընկերություններին՝ նոր թռիչքներ իրականացնելու նպատակով: