123943 դիտում
11:17 12-02-2017
Քարվաճառի (Քելբաջարի) զորամասում նորակոչիկները երդվեցին՝ իրենք անառիկ են պահելու սահմանը և ողջ հայությունը հպարտանալու է Օմարի արծիվներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
Երեկ՝ փետրվարի 11-ին, իսկական տոն էր Քարվաճառի (Քելբաջարի) տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված զորամասը հայտնի է Օմարի արծիվներ անունով և այդ զորամասը մեծ թվով հերոսներ է տվել՝ թե արցախյան և թե քառօրյա պատերազմի տարիներին:
Զորամասի շարահրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև ԱՊՀ տարածքներից Օմարի արծիվներին էին այցելել նրանց հարազատները, ընկերներն ու բարեկամները և պատճառը՝ մեծ թվով նորակոչիկների զինվորական երդման արարողությունն էր:
Զինվորները մինչ կերդվեին, նորակոչիկները հոգևոր սպասավորի հետ Տերունական աղոթք կարդացին, որից հետո էլ զորամասի հրամանատարի գլխավորությամբ նորակոչիկները զինվորական երդում տվեցին, իսկ հետո «դեմբելները» իրենց մարտական առաջադրանքներով ու կենդանի երգ-երաժշտությամբ ու պարով ուրախացրեցին նորակոչիկների ծնողներին, ովքեր այնքան էին ոգևորվել զինվորների կարտարումներով, որ գրոհեցին շարահրապարակը ու սկսեցին իրենք նույնպես երգուպարով միմյանց ողջագուրվել ու ցանկանալ բարի ծառայություն:
Զորակոչիկները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մենք գիտենք, ինչ չնաշխարհիկ ու դրախտային հատվածում ենք մեր ծառայությունն անցկացնելու: Գիտենք, որ մի քանի կմ այնկողմ նենգ թշնամին է ու քաջ գիտենք նաև, որ ինչքան էլ թշնամին փորձել է ոտնձգություններ կատարել մեր սահմանների նկատմամբ՝ սկսած արցախյան պատերազմից, ապա ամեն անգամ բորենիները արժանի հակահարված են ստացել Օմարի արծիվների կողմից: Ու այդ ամենը սկսվել է դեռ գեներալ Սեյրան Սարոյանի այստեղ լինելու ժամանակներից: Սպաներից էլ դժգոհելու առիթներ մինչև այժմ չենք ունեցել ու գիտենք, որ դա գալիս է հրամանատարից: Հրամանատար, ով բոլորիս հետ առանձին-առանձին ոչ միայն զրույցներ է ունեցել, այլ նաև հայտարարել է. որ ամեն մի զինվորի ինքը համարում է իր տան օջախի մասնիկ»:
Զինվորները նաև նշում էին. «Ծնողները կարող են վստահ լինել, մեր հագուկապն ու սնունդը գտնվում է բարձր մակարդկի վրա ու անգամ այն սնունդով որով մենք ենք սնվում, սնվում են նաև զորամասի հրամանատարն ու սպայական ողջ կազմը: Իսկ բժիշկներն էլ, ովքեր նույնպես սպաներ են, միշտ հետևում են մեր առողջությանն ու եթե խնդիրներ ենք ունենում, ապա երիտասարդ բժիշկները մեր կողքին են լինում: Միակ բանը, որ միքիչ դժգոհելու ենք, դա կարոտն է: Իսկ հանուն այդ կարոտի, մենք պատրաստ ենք օրվա 24 ժամը մեր մայրերի ու հայրերի, քույրերի ու եղբայրների, ինչպես նաև ընկերների համար կանգնել առաջնագծում»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 774+
774+