211652_close_icon
views-count2221 դիտում article-date 16:44 13-02-2017

Ամփոփվել են Երևանի վարչական շրջանների աշխատանքների 2017թ. հունվար ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2017թ. հունվար ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների հունվար ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշեն, երկրորդը Շենգավիթ, իսկ երրորդ հորիզոնականը՝ Ավան վարչական շրջանը: Հունվար ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Նորք-Մարաշ, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Իր գոհունակությունը հայտնելով բարձր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների աշխատակազմերից` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ հետևողականության ու ամենօրյա աշխատանքի արդյունքում բոլոր վարչական շրջանները կարող են հայտնվել առաջին հորիզոնականներում: «Մենք թիմային աշխատանք ենք կատարում և պետք է հետևողական լինենք, որ կարողանանք կյանքի կոչել մեր բոլոր ծրագրերը, ինչը հնարավոր է միայն ամենօրյա սրտացավ աշխատանքով: Ուստի, յուրաքանչյուր վարչական շրջան պարտավոր է իր աշխատանքները կազմակերպել այնպես, որ գնահատման աղյուսակային ընդհանուր սանդղակում ներառված բոլոր ոլորտներում կարողանա ապահովել առաջընթաց», - ընդգծել է քաղաքապետն ու վերջին տեղերն զբաղեցրած վարչական շրջանների ղեկավարներին հորդորել է վերանայել այն ոլորտների պատասխանատուների աշխատանքը, որոնց պատճառով տվյալ վարչական շրջանները հայտնվել են վերջին հորիզոնականներում, և հանձնարարել է հետևողականորեն շտկել նկատված թերացումները:

Նմանատիպ նյութեր