211652_close_icon
views-count2413 դիտում article-date 21:14 11-12-2017

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2017թ. նոյեմբեր ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2017թ. նոյեմբեր ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ վարչական շրջանը, երկրորդ հորիզոնականը կիսել են Ավան և Դավթաշեն, իսկ երրորդ հորիզոնականը՝ Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջանները: Նոյեմբեր ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ ութերորդ, իններորդ և տասներորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Արաբկիր, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանները: Անդրադառնալով ներկայացված ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ հետևողականության ու ամենօրյա աշխատանքի արդյունքում բոլոր վարչական շրջանները կարող են հայտնվել առաջին 3-4 հորիզոնականներում: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ գնահատման այս մոտեցումը ոչ միայն արտացոլում է վարչական շրջանների աշխատակազմերի կողմից կատարած աշխատանքների արդյունավետությունը, այլև ապահովում է առողջ մրցակցություն վարչական շրջանների միջև: «Իսկապես ողջունելի է, որ այսօր արդեն երկրորդ և երրորդ հորիզոնականները կիսում են երկուական վարչական շրջաններ, ինչը խոսում է այն մասին, որ կա հստակ մրցակցություն և ձգտում՝ արձանագրել բարձր ցուցանիշներ: Ի սկզբանե, երբ ներդնում էինք այս համակարգը, մեր նպատակը հենց սա էր, որ վարչական շրջանների միջև լինի առողջ մրցակցություն, ինչից միանշանակ շահում է աշխատանքը: Մենք թիմային աշխատանք ենք կատարում և պետք է հետևողական լինենք, որ կարողանանք կյանքի կոչել մեր բոլոր ծրագրերը, ինչը հնարավոր է միայն ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ: Մենք պետք է հասնենք այնպիսի արդյունքների, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններն իրենց կատարած աշխատանքով կարողանան աղյուսակային ընդհանուր սանդղակում բարձր ցուցանիշներ գրանցել»,- ընդգծել է քաղաքապետն ու ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հետևողական աշխատանքներ տանել կարճ ժամանակահատվածում բացթողումները շտկելու ուղղությամբ: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]

Նմանատիպ նյութեր