211652_close_icon
views-count2610 դիտում article-date 17:29 15-02-2017

Եթե ցանկացած կառույց ուզում է հաջողակ լինել, պետք է համապատասխանի շուկայի տենդենցներին. ՀՀ վարչապետ

«Երևանի պետական համալսարանը շարունակում է նշանակալից դեր կատարել թե´ գիտակրթական, թե´ հասարակական գիտակցության ձևավորման առումով, և պետք է քննարկել, թե ինչպես կրթական համակարգն ավելի արդիական ու արդյունավետ դարձնել», - ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը ԵՊՀ ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը ներկայացրել է կառավարության ծրագրով նախատեսվող միջոցառումները և բարեփոխումները՝ նշելով. «Ինչ էլ որ անենք, որպեսզի մեր երկիրը զարգանա, պետք է անենք խելացի, հաշվարկված, ուրիշ տարբերակ չունենք: Սա մեր առջև դրված հրամայական է: Մեր հիմնական կապիտալը՝ մարդը, պետք է լինի կիրթ և գրագետ»: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը որոշ թվային տվյալներ է ներկայացրել. բուհն ունի շուրջ 19000 ուսանող, 19 ֆակուլտետ, 4 ինստիտուտ, որից 2-ը գիտակրթական են, 15 ուսումնական ու գիտական կենտրոն, շուրջ 50 լաբորատորիա և 3 նորաստեղծ ուսանողական Start up լաբորատորիա: Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն գնում է գերազանցության կենտրոններ ստեղծելու ճանապարհով, որտեղ կենտրոնացվում է բուհի նորարարական և գիտական լավագույն ներուժը: Արամ Սիմոնյանն անդրադարձել է նաև միջազգային համագործակցությանը, ուսանողական կառավարման մարմինների գործունեությանը, խոսել ընթացիկ և հետագա ծրագրերի մասին: Վարչապետն ընդգծել է, որ բուհական համակարգը, դասավանդումն ու գիտահետազոտական աշխատանքը պետք է սերտ փոխկապակցված լինեն, ինչը կապահովի գիտական արդյունքի և կիրառական պրոդուկտի ավելի բարձր մակարդակ: Գործադիրի ղեկավարը հետաքրքրվել է բուհի գիտական կառույցների աշխատանքի գնահատման չափորոշիչների, ներդրումների ծավալի, ակնկալվող և փաստացի արդյունքի, պետություն-բուհ-մասնավոր հատված համագործակցության մասին: Կարեն Կարապետյանը, մասնավորապես, անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում բարձրակարգ մասնագետների պահանջարկի խնդրին՝ կարևորելով ոլորտի ընկերությունների հետ ակտիվ համագործակցությունը: «Եթե ցանկացած կառույց ուզում է հաջողակ լինել, պետք է համապատասխանի շուկայի տենդենցներին: Այսօր ՏՏ ոլորտը տարեկան նվազագույնը 2000 որակյալ մասնագետի պահանջարկ ունի, և պետք է կանոնավոր աշխատել բիզնես-համալսարան կապն ակտիվացնելու, առկա պահանջարկը բավարարելու ուղղությամբ», - ասել է վարչապետը: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ջրային և ընդերքի ռեսուրսների կառավարման, դեղարդյունաբերության և այլ ոլորտներում գիտական ներուժի հասցեական կիրառմանը, նորարարական գաղափարների ու տեխնոլոգիաների ներդրմանը, գիտական արդյունքի ձևավորմանը և հարակից այլ հարցեր: Կարևորելով գիտական ներուժի առևտրայնացումը՝ վարչապետն առաջարկել է կառավարություն ներկայացնել կիրառական ծրագրեր, որոնք կուսումնասիրվեն, կգնահատվեն համապատասխան գերատեսչությունների կողմից և արձագանք կստանան:

Նմանատիպ նյութեր