211652_close_icon
views-count8391 դիտում article-date 19:50 19-02-2017

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է «Կարդում են համալսարանականները» խորագրով շարքը

Փետրվարի 19-ը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն մի քանի տարի է այս օրը նշվում է որպես` Գիրք նվիրելու օր: Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է «Կարդում են համալսարանականները» խորագրով շարքը: Այսուհետև, գրադարանի գողտրիկ անկյուններից մեկում` Հեքիաթի սրահում, Երևանի պետական համալսարանի նախկին և ներկայիս ուսանողները, դասախոսները կհանդիպեն գրադարան այցելող փոքրիկ գրքասերների հետ և նրանց համար կկարդան պատմվածքներ, հեքիաթներ, բանաստեղծություններ… «Կարդում են համալսարանականները» խորագրով շարքի առաջին հանդիպումը մեկնարկել է գերմանացի հայտնի մանկագիր Վալտեր Քրումբախի «Ճանապարհորդ ոզնին» չափածո հեքիաթի ընթերցմամբ: Ոզնու արկածների մասին պատմող այս գեղեցիկ պատմությունը ՀՀ մարզերի և մայրաքաղաքի դպրոցականների համար ընթերցեցին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը /ավարտել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը/, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողներ` Կարոլինա Հարությունյանը, Գոռ Դարմանյանը, Համլետ Պետրոսյանը: Նշենք, որ Գոռ Դարմանյանը և Համլետ Պետրոսյանը ծառայել են ՀՀ բանակում և մեր Հայրենիքի պաշտպաններից են: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ս. թ. փետրվարի 17-21-ը գրադարանում անցկացնում է Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Տոնավաճառին իրենց հրատարակություններով մասնակցում են «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Արևիկ», «Մարի», «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները, «ՋԻ ԷՍ ԷՄ» ստուդիան, «Բուկինիստ» գրախանութը, «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀԲԸՄ, ՀՀ ԳԱԱ, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, «IBBY Հայաստան» կազմակերպությունը և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը: Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում գրադարանում անցկացվում է «Նվեր զինվորին» ակցիան. Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ գնելով Ձեր նախընտրած գիրքը, հնարավորություն ունեք այն նվիրելու զինվորին: Ցուցահանդես-տոնավաճառում գործում է տաղավար, որտեղ և կարող եք թողնել Ձեր ընծայագրով գիրքը` զինվորին փոխանցելու համար: Այսօրվա հեքիաթասաց-համալսարանականներն իրենց գրքերով ևս միացան այս գեղեցիկ ակցիային:

Նմանատիպ նյութեր