211652_close_icon
views-count1619 դիտում article-date 15:14 20-02-2017

Մայրաքաղաքի ճանապարհների փոսալցման աշխատանքներն իրականացվում են ասֆալտապատող ընկերությունների ֆինանսական միջոցներով

Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` շարունակվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Անդրադառնալով վերոնշյալ գործընթացի կազմակերպմանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը հանձնարարել է ավելի ինտենսիվ ներկայացնել հանրությանը իրականացվող աշխատանքների բնույթը: «Դեռևս հունվար ամսից, հաշվի առնելով ձնամաքրման աշխատանքների հետևանքով գլխավոր և երկրորդական փողոցներում առաջացած փոսերի մասին մեր համաքաղաքացիներից ստացվող ահազանգերը, մենք ժամանակից շուտ նախաձեռնեցինք ժամանակավոր փոսալցման աշխատանքներ, որոնք, համաձայն պայմանագրային պարտավորության, իրականացվում են ասֆալտապատող ընկերությունների միջոցներով: Ու թեև այս աշխատանքների մեկնարկի հենց սկզբում հանրությանն իրազեկվել էր դրանց ժամանակավոր բնույթի մասին, այնուամենայնիվ ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար պարբերաբար հիշեցրեք հանրությանը, որ տվյալ փոսալցումները կրում են ժամանակավոր բնույթ, և համայնքային բյուջեից դրա համար գումար չի վճարվում: Ինչպես նշել ենք, այս աշխատանքների բուն նպատակը մայրաքաղաքի երթևեկության բնականոն ընթացքն ապահովելն ու վարորդներին հնարավոր անհարմարություններից ազատելն է, ինչը, պետք է նաև փաստենք, որ գնահատվում է վարորդների կողմից», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել է նաև իրազեկել հանրությանը, որ արդեն գարնանը, եղանակային բարենպաստ պայմանների առկայության պայմաններում, վերոնշյալ բոլոր հատվածներում կիրականացվեն փոսանորոգման լիարժեք աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր