211652_close_icon
views-count2125 դիտում article-date 12:05 28-02-2017

ՋՏՊԿ ենթակառույցներում էլեկտրաէներգիայի նորագույն հաշվիչ սարքեր կտեղադրվեն

Ջրային տնտեսության պետական կոմիտեի համար առաջնային խնդիրներից մեկը էներգախնայողություն է: Այս մասին բազմիցս հայտարարել է նաև Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հայաստանի էլեկտրական ցանցերի միջև օրերս ձեռք բերված պայմանավորվածությունը առաջին գործուն քայլն է այս ուղղությամբ: ՋՏՊԿ և ՀԷՑ համատեղ նախաձեռնությամբ՝ էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի հաշվարկային նորագույն սարքեր կտեղադրվեն Կոմիտեի ենթակայության տակ գտնվող շուրջ 954 կետերում: Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ՝ ոչ միայն հնարավոր կլինի արխիվավորել հաշվիչ սարքերից ստացված տվյալները, այլև հետևել դրանց՝ առցանց ռեժիմով: Ստացված տեղեկությունները թույլ կտան վերահսկել էլեկտրաէներգիայի հոսքերը՝ կամայական ժամանակահատվածի հաշվարկով, կանխատեսել հնարավոր ծախսերն ու վեր հանել համակարգի խոցելի կողմերը: Այսպիսով էլեկտրաէներգիայի կորուստները կդառնան ոչ միայն տեսանելի և չափելի, այլև՝ վերահսկելի: Գործընթացի առաջին փուլում, որն, ի դեպ, արդեն մեկնարկել է, նախատեսվում է 650 հաշվիչ սարքերի տեղադրում: Չնայած եղանակային պայմաններին՝ 7 սարքավորում արդեն իսկ տեղադրվել է: Կարճ ժամանակահատվածում ՋՏՊԿ և ՀԷՑ մասնագետները համատեղ աշխատանք կիրականացնեն՝ առաջնային կարևորության ենթակայաններում սարքերի տեղադրման ուղղությամբ: Նշենք, որ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման և ծախսի արդյունավետության բարձրացման արդյունքում հնարավոր կլինի շուրջ 10 մլն դրամի խնայողություն անել:

Նմանատիպ նյութեր