211652_close_icon
views-count1920 դիտում article-date 11:12 28-02-2017

Երջանկությունը կյանքում նպատակներ ունենալն է, հզորությունը՝ սիրելն է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երեկ սկսվել է Մեծ պահքը: Որքան շատ եմ ապրում, այնքան շատ եմ կարևորում նման իրադարձությունները: Ոչ թե ծեսերը, ոչ թե արտաքին դրսևորումները, ոչ թե բոլոր ժամանակների փարիսեցիների դերասանությունները, այլ բովանդակությունը, իմաստը: Իսկ իմաստն, իմ կարծիքով, այն է, որ փոքր-ինչ զսպելով քո մարմինը՝ փորձես ավելի շիտակ նայել քո հոգուն: Որոշ ժամանակ առաջ մեզ բացատրում էին, որ մարդը հոգի չունի, նա ունի «պսիխիկա». զավեշտն այն է, որ դա նույն հոգեկանի անվանումն է, պարզապես՝ հունարեն: Բայց պարզ է, թե ինչու էին այդպես ասում. ժամանակ և ուժ մի՛ կորցրեք ձեր հոգին կարգի բերելու համար, բավարարվեք ձեր նյութական պահանջներով: Այդպես էլ անում էին՝ ծաղրելով և նսեմացնելով հոգևորը: «Սաղ սուտ ա, փող ա պետք շինել»՝ ես դա ամեն քայլափոխի լսել եմ ոչ միայն հիմա, այլև 1970-80 թվականներին, երբ հեռուստատեսությամբ և ամբիոններից լրիվ ուրիշ բան էին ասում: Նման մոտեցման հակառակ, բայց նույնքան սխալ դրսևորումն այն համոզմունքն է, որ կան ինչ-որ «գաղտնի գիտելիքներ», որոնք ձեզ զորեղ են դարձնում, կան ինչ-որ հատուկ «աֆիրմացիաներ» (պնդումներ)՝ բավական է դրանք իմանալ ինչ-որ «գուռուներից», և ձեր կյանքում ամեն ինչ լավ է դասավորվելու, կան ինչ-որ միստիկ «հոգեւոր վարժություններ», որոնք ամեն օր կատարելիս դուք երջանիկ եք դառնում: Այդ, մեղմ ասած, շառլատանությունը նույնպես տարածված էր իմ պատանեկության և երիտասարդության տարիներին՝ իհարկե, ավելի քիչ, քան «փող շինելու» փիլիսոփայությունը: Ըստ էության, դրանք իրար շատ մոտ են, որովհետև հիմնված են «երջանկության» և «հզորության» մասին խեղված պատկերացումների վրա: Մի դեպքում դրանք հնարավոր է գնել փողով, մյուս դեպքում՝ «գաղտնի գիտելիքներով»: Իրականում երջանկությունը կյանքում նպատակներ ունենալն է, հզորությունը՝ սիրելն է և ուրիշների կողմից սիրված լինելն է: Իսկ վարժությունները… Կյանքն ամեն քայլափոխի մեզ նման «վարժություններ» է դեմ տալիս: Տեսնում եք ողորմություն ուզող տատիկին, մի՛ ափսոսացեք կես րոպեն և 100 դրամը, տեսնում եք ձեզնից թույլ մարդու, մի՛ փորձեք ձեր ուժն ի ցույց դնել և հրճվել դրանով, ձեզ մեկը հայհոյել է ֆեյսբուքով, մի՛ պատասխանեք, ավելի լավ է սրտանց մի «սմայլիկ» ուղարկեք, ձեր դեմ ուտելիք է դրված, ագահորեն մի՛ հարձակվեք, սկզբում, գոնե մտքում, Աստծուն շնորհակալ եղեք, որ այդ ուտելիքը դրված է: Եվ ընդհանրապես՝ մեզ համար հերթական լույսը բացվելուց շնորհակալ լինենք: Որ ես այդ ամենը թվարկում եմ, դա ամենևին չի նշանակում, թե ես այդ «վարժությունները» միշտ «5»-ի եմ կատարում: Հենց դրա համար էլ պետք են օրեր կամ, ինչպես տվյալ դեպքում է՝ շաբաթներ, երբ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այդ «վարժություններին»: Դրանք չեն խանգարի հատկապես նրանց, ովքեր այսօր մտել են նախընտրական պայքարի մեջ: Պետք չէ հրապարակավ որևէ տեղ աղոթել՝ Աստվածաշնչում ասված է, որ այդպես են վարվում փարիսեցիները: Հավատն ավելի սովորական և առօրյա դրսևորումներ ունի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր