211652_close_icon
views-count3167 դիտում article-date 10:44 11-03-2017

21-րդ դարում աշխատանք չեն մուրում, աշխատանք ստեղծում են. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ ես գրում եմ, որ մեր հիմնական խնդիրը հասարակական է, մարդկանց մեծամասնությունն ինձ հետ չի համաձայնում և շարունակում է մնալ այն համոզման, որ չար, ագահ, հանցագործ մարդկանց պետք է փոխարինել բարի և մեծահոգի մարդկանցով, և ամեն ինչ կփոխվի։ Իսկ հանցագործները պետք է դաժանորեն պատժվեն։ Բայց իրականում ոչ մի դաժանություն էլ պետք չէ։ Խնդիրը շատ ավելի պարզ է։ Եթե, ենթադրենք, իմ որդին հանցագործություն է կատարել նա պետք է դատվի և ազատազրկվի։ Ես, իմանալով նրա ձերբակալության լուրը, չպիտի ինձ պատեպատ խփեմ՝ նրան պատասխանատվությունից ազատելու կամ նրա պատիժը մեղմացնելու համար։ Նա պետք է նույն պատիժը կրի, ինչպես ցանկացած, «անտեր տղա»։ Ես կվարվե՞մ այդպես։ Խիստ կասկածում եմ։ Մենք օդի մեջ, վերացականորեն բողոքում ենք՝ «ախ, անպատժելիություն», «ախ, կամայականություններ», բայց երբ դա անձամբ մեզ է վերաբերում, մենք շատ ավելի «լայն և բազմաշերտ» ենք պատկերացնում իրականությունը։ Մյուս մեր հասարակական խնդիրն այն է, որ մենք ոչ թե քաղաքացիներ ենք, ոչ թե ընտրողներ ենք, այլ ուզվորներ։Վերջերս երիտասարդ թեկնածուներից մեկն ինձ հետ մասնավոր զրույցում տարակուսում էր՝ քարոզարշավի ժամանակ մեր հանդիպած մարդկանց զգալի մասն ընդհանրապես պատկերացում չունի, թե ինչ է նշանակում ապրել պետության մեջ և, հետևաբար, այդպիսինների հետ անիմաստ է խոսել, թե ինչպիսի՛ պետություն ենք մենք ուզում կառուցել: Բնորոշ մի դրվագ. երիտասարդն ընտրարաշվի ժամանակ մոտենում է Գագիկ Ծառուկյանին, որը պատրաստվում է ելույթ ունենալ: Սկզբից նա փորձում է հաճոյանալ ԲՀԿ առաջնորդին և վատ բան ասել Սերժ Սարգսյանի մասին: Բայց Ծառուկյանն ընդհատում է երիտասարդին և խնդրում է «չքաղաքականացնել», որովհետև շատ լավ գիտի, որ «քաղաքական մասը» միայն «ժուռնալն» է, իսկ բուն «կինոն» ուզվորությունն է: Եվ իսկապես՝ «էս չունեմ, էն չունեմ, ինձ մի հատ գործ տվեք»: Նման դեպքերում Ծառուկյանը խնդիրը լուծում է «աշխատանքային ռեժիմով»՝ համարդ գրիր, դիմիր այսինչին, կունենաս՝ ինչ որ ուզում ես: Առանց խորանալու՝ իսկ այսինչին պե՞տք է արդյոք այդ երիտասարդը: Ահա ձեզ ամբողջ ընտրարշավը և գաղափարական պայքարը: Նրանք, ովքեր ընդհանրապես կորցրել են արժանապատվությունը, ընտրությունների ժամանակ պարզապես ողորմության են ուզում, ինչը նրանց այս շրջանում հաճույքով տրվում է։ Նրանք, ովքեր դեռևս չեն կորցրել արժանապատվության վերջին փշուրները, ասում են՝ «մի հատ գործ տվեք» (ենթադրելով, հավանաբար, որ ինչ-որ հիմնարկում ինչ-որ ժամանակ են անցկացնելու և դրա դիմաց աշխատավարձ են ստանալու)։ 21-րդ դարում շուկայական հարաբերությունների պայմաններում աշխատանք չեն մուրում, աշխատանք ստեղծում են։ Դա դժվար է հասկանալ, բայց առանց այդ գիտակցության մենք չենք կարողանա կայուն պետություն ունենալ»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր