15015 դիտում
23:31 12-03-2017
Այլախոհը, «փսիխոպաթը», նախագահը, հալածյալը, ապստամբն ու դավադրաբար սպանվածը
Վրաստանի ապագաղութացման պայքարի փորձը, ձախողումներն ու ձեռքբերումները մի շարք առումներով ուսանելի են խորհրդային բռնազավթման ենթարկված ժողովուրդների համար: Մանավորապես՝ Վրաստանի անկախության հայրերից մեկի գործունեությունն ու դավադիր սպանությունը բաց դաս է այն մասին, թե անկախության պայքարում թշնամուն թերագնահատելը ինչ կորուստների կարող է հանգեցնել:
Քաղաքական գործիչ, գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, Վրաստանի ԽՍՀ ԳԽ նախագահ, անկախ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամասախուրդիան Վրաստանի անկախության պայքարի մարմնացումն է, սակայն հայրենիքում նրան ոչ բոլորն են հիշում երախտագիտությամբ։
Զզվիադ Գամսախուրդիան ծնվել է 1939թ մարտի 31-ին: 25 տարեկանում նա ընկերանում է ընդհատակյա «Գորգասլիանի» կազմակերպության ղեկավար Մերաբ Կոստավայի հետ, որը զբաղվում էր անկախության քարոզով և մարդու իրավունքների մասին զեկույցների տարածմամբ։ 27 տարեկանում Գամսախուրդիան Կոստավայի հետ ձերբակալվում է հակախորհրդային գործունեության համար: Իսկ 29 տարեկանում հակախորհրդային գրականության և թռուցիկների տարածման համար ՊԱԿ-ը նրան 6 ամիս փակում է Թբիլիսիի հոգեբուժարանում, որտեղ նրան վերագրվում է «Չկոմպենսացվող փսիխոպաթիա» ախտորոշումը։
[img]http://shamshyan.com/ups/images/0039148001489325915768774.jpg[/img]
[i]Վրաստանի անկախության համար շարժման առաջնորդներ Զվիադ Գամսախուրդիան (ձախից) և Մերաբ Կոստավան[/i]
Գամսախուրդիան մեծ ճանաչում է ձեռք բերում 1972-ին՝ վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոսի նշանակման հետ կապված կոռուպցիոն սկանդալի բացահայտման գործում լուրջ դերակատարության շնորհիվ: 1977-ին Գամսախուրդիան և Կոստավան կրկին ձերբակալվում են քաղաքական հայացքների համար։ 1979-ի հունիսին ազատվելով և Թբիլիսի վերադառնալով, Գամսախուրդիան գիտաշխատողի հաստիք է ստանձնում Վրաց լեզվի ինստիտուտում, սակայն շարունակում է պայքարել Վրաստանի անկախության համար։
[img]http://shamshyan.com/ups/images/0066232001489325944911691.jpg[/img]
[i]Զվիադ Գամսախուրդիան հանրահավաքում[/i]
1981-ին դառնում է Վրաստանի ինքնության և մշակութային ժառանգության համար Թբիլիսիում պայքարող ուսանողների խոսնակը։ Գամսախուրդիան առանցքային դեր է խաղում՝ 1987-1990-ականներին Վրաստանում անկախության համար զանգվածային հանրահավաքների կազմակերպման գործում, որին միանում է նաև Մերաբ Կոստավան։ Իսկ 1988-ին Գամսախուրդիան «Սուրբ Իլյա Արդարի Հասարակություն» (ՍԻԱՀ) կազմակերպության համահիմնադիր է դառնում, որը հետագայում վերածվելով կուսակցության, դառնում է նրա քաղաքական հենարանը։
[img]http://shamshyan.com/ups/images/0419235001489325955987845.jpg[/img]
[i]Զվիադ Գամսախուրդիան, Մայր Թերեզան և Մերաբ Կոստավան (Թբիլիսի, 1989թ)[/i]
Թբիլիսիի՝ 1989 թ. ապրիլի 9-ի իրադարձությունները Վրաստանի ազգային շարժման մեջ բեկումնային նշանակություն ունեցան: Այդ օրը խորհրդային զավթիչները խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառեցին, ինչի արդյունքում զոհվեց 21 մարդ, մեծ մասը՝ կանայք: [b]«1989 թվականին այստեղ հեղված հայրենասերների անմեղ արյունը երկու տարի անց արտացոլվեց Վրաստանի անկախության ակտում: Բնականաբար, մենք ամեն տարի հարգելու ենք այդ մարդկանց հիշատակը: Եվ մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց այն ավանդի համար, որն անկախություն բերեց Վրաստանին»[/b],- հայտարարել է Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին 2015թ. ապրիլի 9-ին:
[img]http://shamshyan.com/ups/images/0073052001489325967117412.jpg[/img]
[i]Ապրիլի 9-ի ցույցերը Թբիլիսիում, խորհրդային տանկերի մուտքը, զոհերի լուսանկարները, զոհերի հուղարկավորության օրը (մարտի 11) սգո ծնկաչոք ցույցը Թբիլիսիում[/i]
1990-ի հոկտեմբերի 28-ի Վրացական ԽՍՀ ԳԽ առաջին ժողովրդավարական բազմակուսակցական ընտրություններում 64%-ով հաղթում է Գամսախուրդիայի գլխավորած դաշինքը, որը կոչվում էր «Կլոր սեղան-Ազատ Վրաստան»: Նոյեմբերի 14-ին, Գամսախուրդիան ընտրվում է Վրաստանի Հանրապետության ԳԽ նախագահ։
[img]http://shamshyan.com/ups/images/0642032001489325976630766.jpg[/img]
[i]Հոկտեմբերի 28-ի ընտրություններից հետո[/i]
Հաջորդ տարի մարտի 31-ին, Գամսախուրդիայի ծննդյան օրը Վրաստանում անկախության հանրաքվե է անցկացվում, որին կողմ է քվեարկում ընտրողների 90.08%-ը։ Վրաստանի անկախությունը համընդհանուր ճանաչում է ստանում մեկ տարի անց:
[img]http://shamshyan.com/ups/images/0870540001489325989169150.jpg[/img]
[i]Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան[/i]
1991-ի մայիսի 26-ին 86,5 տոկոս ձայնով Գամսախուրդիան ընտրվում է երկրի նախագահ, սակայն տնտեսական և քաղաքական լուրջ խնդիրների է բախվում: 1989-ին Ռուսաստանի հրահրմամբ անկարգություններ էին սկսվել Հարավային Օսիայի ինքնավար մարզում՝ Վրաստանի անկախության կողմնակիցների և ռուսամետների միջև։ 1990-ի սեպտեմբերի 20-ին Հարավային Օսիայի պատգամավորների խորհուրդը Ռուսաստանի դրդմամբ հռչակել էր այսպես կոչված Հարավ-օսական Խորհրդային Դեմոկրատական Հանրապետություն, որը ռազմական գործողությունների առիթ էր հանդիսացել։ Խորհրդային բանակը լրացուցիչ զորակազմ էր մտցրել Հարավային Օսիա: Բախումների արդյունքում զոհվել էին 51 մարդ, տեղահանվել՝ 25.000-ից ավելին։
1991-ի փետրվարին Գամսախուրդիան նամակ է հղում Միխայիլ Գորբաչովին՝ պահանջելով Հարավային Օսիայի տարածքից դուրս բերել խորհրդային զորքերն ու լրացուցիչ զորակազմը։ Ի պատասխան Կրեմլը հեղաշրջում է հրահրում Վրաստանում: Վրաստանի վարչապետ Թենգիզ Սիգուան հեղաշրջում կազմակերպելու կասկածանքով օգոստոսի 18-ին պաշտոնանկ է արվում: Մեկ օր անց նա և մի շարք նախկին պաշտոնյաներ Գամսախուրդիայի քաղաքականության դեմ բողոքի ցույց են կազմակերպում:
[img]http://shamshyan.com/ups/images/0721635001489326016456009.jpg[/img]
Թենդիզ Սիգուա
Գամսախուրդիան, Վրաստանի նոր կառավարությունը և Գերագույն խորհրդի նախագահը, բնակչությանը հանդարտվելու և սադրանքներին չտրվելու կոչ են անում։ Հաջորդ օրը Գամսախուրդիան դիմում է միջազգային առաջնորդներին Վրաստանի անկախության ճանաչման կոչով։
[img]http://shamshyan.com/ups/images/0826351001489326353345767.jpg[/img]
[i]Գամսախուրդիան և Ռիչարդ Նիքսոնը (Թբիլիսի, 1991թ), Գամսախուրդիան և Բորիս Ելցինը (Կազբեկ, 1991թ)[/i]
Քաղաքական լուրջ առճակատումը սկսվում է սեպտեմբերի 2-ին, երբ Թբիլիսիում ոստիկանությունը ցրում է հակակառավարական ցույցը։ Դրանից հետո Վրաստանի ազգային գվարդիան պառակտվում է: Ռուսամետների կողմն անցած գվարդիականները մայրաքաղաքից դուրս զինված ճամբար են ստեղծում։ Ռազմականացված խմբերը, որոնցից ամենանշանավորը Ջաբա Իոսելիանիի հրամանատարությամբ գործող «Մխեդրիոնին» էր, բարիկադներ են սարքում քաղաքի շուրջ։ Փոխհրաձգությունները տևում են հոկտեմբերից նոյեմբեր։
[img]http://shamshyan.com/ups/images/0772144001489326374115759.jpg[/img]
[i]«Մխեդրիոնի» խմբավորման հրամանատար Ջաբա Իոսելիանի[/i]
1991-ի դեկտեմբերի 22-ին զինված ռուսամետ ուժերը հեղաշրջման միտված գործողություններ են սկսում և հարձակում գործում պետական կառույցների վրա։ Մարտերը շարունակվում են մինչև 1992-ի հունվարի 6-ը։ Գամսախուրդիան և իշխանության մի քանի անդամներ փախչում են Ադրբեջան, որտեղ մերժվելով, ապաստան են գտնում Հայաստանում։ Լևոն Տեր-Պետրոսյանը Գամսախուրդիային արտահանձնելու Վրաստանի պահանջը մերժում է։ Սակայն չցանկանալով բարդացնել Վրաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ Հայաստանը թույլ է տալիս Գամսախուրդիային ու ընկերներին հեռանալ Չեչնիա։
[img]http://shamshyan.com/ups/images/023077900148932639765249.jpg[/img]
[i]Գամսախուրդիան կնոջ և երեխաների հետ Հայստանում, Իջևանում[/i]
Գամսախուրդիայի հակառակորդների կողմից ստեղծված զինվորական խորհուրդը ժամանակավոր հիմքով ստանձնում է երկրի կառավարությունը և առաջին հերթին պաշտոնանկ անում Գամսախուրդիային։ Այդ մարմինը իրեն հռչակում է պետական խորհուրդ և առանց որևէ հանրաքվեի կամ ընտրության՝ 1992-ի մարտին Էդուարդ Շևարդնաձեին Վրաստանի նախագահ է նշանակում, որը ղեկավարում է որպես դե ֆակտո նախագահ մինչ 1995-ը:
[img]http://shamshyan.com/ups/images/0056878001489326417721544.jpg[/img]
[i]Էդուարդ Շեվարնադձե[/i]
Տապալումից հետո Գամսախուրդիան շարունակում է իրեն կոչել Վրաստանի լեգիտիմ նախագահ։ 1992-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նա հրավիրվում է Ֆինլանդիա, այնուհետև՝ Ավստրիա։ Նրա կողմնակիցների և հակառակորդների միջև բախումները շարունակվում են 1992-ին: 1993-ին նրա կողմնակիցները գերի են վերցնում պետական մի քանի պաշտոնյաների և վրեժխնդիր լինում։ Ի պատասխան՝ Շևարդնաձեի կառավարությունը Գամսախուրդիայի կողմնակիցների համատարած ձերբակալություններ է իրականացնում։
[img]http://shamshyan.com/ups/images/0628808001489326827164809.jpg[/img]
1993-ի սեպտեմբերին սկսվում է լայնածավալ պատերազմ վրացական զինված ուժերի և Գամսախուրդիայի կողմնակիցների միջև, որն ավարտվում է կառավարական զորքերի վճռորոշ պարտությամբ։ Սեպտեմբերի 24-ին Գամսախուրդիան վերադառնում է Վրաստան և Զուգդիդում վտարանդի կառավարություն հռչակում։
[img]http://shamshyan.com/ups/images/039568200148932684461564.jpg[/img]
[i]Զվիադ Գամսախուրդիայի հուշարձանը Զուգդիդում[/i]
1993-ի հոկտեմբերին Վրաստանի արևմտյան հատվածում քաղաքացիական պատերազմ է բռնկվում։ Գամսախուրդիայի ուժերը կարողանում են գրավել մի քանի քաղաքներ ու տրասնպորտային հանգույցներ, այդ թվում Փոթի նավահանգիստը: Շևարդնաձեի կառավարությանը որոշում է միանալ ԱՊՀ-ին, որից հետո Ռուսաստանը արագորեն զորք է մոբիլիզացնում Վրաստանի սահմանին, և երկաթգծի պաշտպանության պատրվակով, հոկտեմբերի 20-ին ռուսական մոտ 2000-անոց զորք մտնում է Վրաստան։ Ապստամբությունն արագ փլուզվում է, իսկ նոյեմբերի 6-ին գրավվում է Զուգդիդը։
[img]http://shamshyan.com/ups/images/0698306001489326853488507.jpg[/img]
1993-ի դեկտեմբերի 31-ին Գամսախուրդիան մահանում է առեղծվածային պայմաններում։ Հայտնի է, որ նա մահացել է Սամեգրելոյի Խիբուլա գյուղում։ Նրա մարմինը հայտնաբերվել էր ծոծրակի հրազենային վերքով։ Պաշտոնական վարկածով Գամսախուրդիան ինքնասպան է եղել, սակայն նրա այրին պնդում է, որ ամուսնուն սպանել են։
[img]http://shamshyan.com/ups/images/0697071001489326868294545.jpg[/img]
[i]Նախագահ Գամսախուրդիայի շիրմաքարը Թբիլիսիում[/i]
Մինչև «Վարդերի» հեղափոխությունը Գամսախուրդիայի մասին վատ էին արտահայտվում Վրաստանում: Իսկ «Վարդերի» հեղափոխությունից հետո Գամսախուրդիայի նկատմամբ հարգալից վերաբերմունքը վերականգնվում է: Երկրի բարձրագույն ղեկավարները ամեն տարի նրա շիրիմին այցելում և հարգանքի տուրք են մատուցում: Գամսախուրդիայի մասին գրվել են բազմաթիվ գրքեր, նկարահանվել է փաստագրական ֆիլմ:
2011-ի հունվարին Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը, որը քննում էր Վրաստանի առաջին նախագահի մահվան հանգամանքները, հայտարարում է, որ Զվիադ Գամսախուրդիային սպանել են: Այս մասին տեղեկացնում է Գամսախուրդիայի որդին՝ Կոնստանտին Գամսախուրդիան, որն այդ հանձնաժողովի նախագահն էր, և խորհրդարան էր անցել ընդդիմադիր կուսակցության ցուցակով: Նա հայտնում է, որ հանձնաժողովն այս եզրակացության է եկել երկարատև ուսումնասիրություններից հետո:
Նմանատիպ նյութեր
2781 դիտում
10:55 14-12-2021
Հերթական «այլախոհը» բոլշևիկյան միջավայրից․ «Առավոտ»
2142 դիտում
12:16 22-01-2014
Կիևի կենտրոնում սպանվածը հայազգի Սերգեյ Նիգոյանն է. տեսանյութ
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին