38620 դիտում
00:07 14-03-2017
Դուք հայոց փառապանծ եւ հաղթական բանակի առաջին կին գնդապետներից եք, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ, ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ, ՊԱՏԱՆԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԿԻՆ ՆԱԶԻԿ ԱՄԻՐՅԱՆԻՆ
Հարգելի՛ տիկին Ամիրյան. Երկրապահ կամավորականների միությունը՝ ԵԿՄ վարչությունը, աշխատակազմը, տարածքային բաժանմունքները, մարզային խորհուրդները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները, ջերմորեն շնորհավորում են Ձեզ ծննդյան 50-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Դուք, տիկի՛ն Ամիրյան, օրինակելի հայուհու իդեալական կերպար եք՝ ծնողասեր դուստր, հոգատար քույր, մայր, տանտիկին, նաեւ՝ հայրենյաց պաշտպան ազատամարտիկ: Մեծ է Ձեր դերն ու դերակատարումը 1989-94 թվականների ազատագրական պատերազմում:
Առաջին ջոկատների հետ մեկնել եք ռազմաճակատ, ջոկատներից մինչեւ հայոց կանոնավոր բանակի սպա հերոսական եւ բովանդակալից ուղի եք անցել:
Դուք հայոց փառապանծ եւ հաղթական բանակի առաջին կին գնդապետներից եք, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ:
Դուք մեր նորագույն պատմության կերտողներից եք. անմիջական մասնակիցն եք թե՛ Արցախյան հաղթամարտի, թե՛ հայոց բանակի կազմավորման: Հետպատերազմյա տարիներին եւս անուրանալի մասնակցություն եք ունեցել պետականաշինության մեջ,հայրենիքին ծառայել եք տարբեր պետական պաշտոններում:
Ղեկավարելով ՀՀ նետաձգության ֆեդերացիան՝ նաեւ հայկական սպորտի զարգացմանն եք նպաստում:
Ձեր աշխատանքի, նվիրվածության եւ հեղինակության շնորհիվ հայ նետաձիգներն սկսել են հաջող ելույթներ ունենալ միջազգային մրցասպարեզներում, արդյունքներն աստիճանաբար բարելավվում են, իսկ Հայաստանում Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացումը խոսուն վկայություն է Ձեր նկատմամբ միջազգային ֆեդերացիայի վստահության:
Երկրապահում Դուք ղեկավարում եք ամենապատասխանատու հանձնաժողովներից մեկը, համակարգում եք պատանի, երիտասարդ երկրապահների հետ տարվող հայրենասիրական աշխատանքները: Ասել կուզի՝ վաղվա հզոր Հայաստանի, բարեկեցիկ, պաշտպանված Արցախի սերմնացաններից եք:
Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին մեկ անգամ էլ դրսեւորվեց Ձեր կազմակերպական ջիղը:
Դուք, փաստացի, գլխավորում էիք ԵԿՄ թիկունքային աշխատանքները, ինչը հսկայական ջանքեր, նվիրում էր պահանջում եւ մեծ պատասխանատվություն էր:
Թիկունքային աշխատանքները, հերթափոխերի կազմակերպումն ու առաջնագծի հետ կապի երաշխավորումն անխափան իրականացվեց Ձեր կազմակերպական ձիրքի շնորհիվ:
Մեկ անգամ էլ շնորհավորելով Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ մաղթում ենք Ձեզ առողջություն, հաջողություններ, երջանկություն, իղձերի իրականացում, իսկ մեր ժողովրդին՝ խաղաղություն:
ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+