211652_close_icon
views-count11260 դիտում article-date 09:37 18-06-2021

Ծնունդդ շնորհավոր, գյումրեցի հերոս. այսօր ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակի հաղթող Շուլի Հակոբյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հունիսի 18-ին, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, Ապրիլյան պատերազմի մասնակից, [url=https://www.facebook.com/shuly.hakobyan?eid=ARCtydrx3l6tptjgQbbqZcQP0z3JKdy5-BcDUKfwy0zyhAByvaJsktpOb_ZvImOdAaJC3OebmExZ59KR]Շուլի Հակոբյանի[/url] ծննդյան օրն է։

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Ապրիլյան պատերազմի ժամանակ բազմաթիվ հերոս առյուծ զինվոր տղաների հետ փառքով իր ծառայությունը կատարած Շուլի Հակոբյանին՝ ծննդյան օրվա առթիվ։

[b]Շ. Հակոբյանի կենսագրությունը [/b] Շուլի Արմենի Հակոբյանը ծնվել է 1996 թվականի հունիսի 18-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Արմեն և Անահիտ Հակոբյանների ընտանիքում: Շուլին ընտանիքի միակ երեխան չէ. ունի ավագ քույր: Շուլին հաճախել է «Գյումրու-մանկիկ» մանկապարտեզ, ապա 2002-2013 թթ. ուսումը շարունակել է Գյումրու Վազգեն Ա-ի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցում: 2006-2013 թթ. Շուլին զբաղվել է «Կյոկուշինկայ» և «Շոտոկան» կարատեներով և մասնակցել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մրցաշարերի և արժանացել բարձր պարգևների: 2012 թ. մայիսին Շուլին դարձել է Շոտոկան կարատեի Հայաստանի Հանրապետության 16 տարեկանների չեմպիոն, ապա 2012թ. հունիսին Հայաստանը ներկայացրել է Շոտոկան կարատեի Փոթիի ( քաղաք Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթի մարզում) միջազգային մրցաշարում, հաղթել և զբաղեցրել առաջին հորիզոնականը:

2012 թ. հոկտեմբերին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք) մասնակցել է Շոտոկան կարատեի Եվրոպայի առաջնությանը և զբաղեցրել երրորդ հորիզոնականը: 2013 թ. մասնակցել է Ստամբուլում (Թուրքիայի ամենամեծ քաղաքը) կայացած Շոտոկան կարատեի աշխարհի առաջնությանը, սակայն թուրք մարզիկի հետ ունեցած վիճաբանության պատճառով Շուլին որակազրկվել է և չի շարունակել մասնակցել առաջնությանը: Շուլին, ավարտելով դպրոցը, հաջող հանձնում է ընդունելության քննությունները և ընդունվում Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: 2013-2014 թթ. Շուլին տեղափոխվում է Երևան ուսումը շարունակելու: Ավարտելով առաջին կուրսը` Շուլին կիսատ է թողնում ուսումը և մեկնում զինվորական ծառայության: 2014/1 զորակոչով Շուլին մեկնում է զինվորական ծառայության։ Ծառայությունն անցկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 6-րդ պաշտպանական շրջանում՝ Մադաղիսում։ 2014 թ. հուլիսի 2-ին սկսվում է Շուլիի զինվորական ծառայությունը որպես հակատանկային հաշվարկի /Ֆագոտ համալիր/ օպերատոր։ Լավ և նվիրված ծառայության համար 2015 թ. փետրվարին ստանում է կրտսեր սերժանտի զինվորական կոչում և նշանակվում ֆագոտ հաշվարկի հրամանատար, ավագ օպերատոր։ 2015 թ. դեկտեմբերին ստանում է սերժանտի զինվորական կոչում։ Նշանակվում է առաջին հակատանկային դասակի հրամանատարի տեղակալի և մարկտոցի ավագի պաշտոններում։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Շուլին եղել է մարտկոցի հերթապահ և գիշերը 4։00 – 5։00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է հրաման զորքին տագնապով արթնացնելու և տարհանելու վերաբերյալ։ Շուլին կատարում է հրամանը, ապա զորքը տեղափոխվում է թաքստոց։ Սկզբում զինվորներին թվում է, որ դա հերթական ուսումնական տագնապներից է։

Ժամը 06։30-ի մոտակայքում առաջին արկն է ընկնում Մադաղիսի հէկ-ի վրա և զինվորները հասկանում են, որ մարտական գործողություններ են սկսվել, սակայն դրանց ծավալի մասին պատկերացում անգամ չունեին։ Ապրիլի 2-ի առավոտյան թաքստոցում Շուլին ու իր զինակից ընկերները սպասում են, որ հրետակոծությունը դադարի, սակայն հասկանում են, որ այն ոչ միայն դադարելու որևէ միտք չունի, այլև ավելի ինտենսիվ է դառնում։ Ստորաբաժանումները ստանում են մարտական հրաման՝ «տագնապով բարձրանալ մարտական դիրքեր»։

Հակատանկային մարտկոցի (թվով 22 զինծառայող) կազմում Շուլին բարձրանում է Թալիշ գյուղ։ Նրանք գյուղ են հասնում ինտենսիվ և անկայուն հրետակոծության պայմաններում։ Թալիշ էին ժամանել նաև հատուկ նշանակության ջոկատները։ Շուլին և իր ծառայակից ընկերները հասկանում են, որ ադրբեջանական կողմն անցել է լայնածավալ հարձակման։ Շուտով նրանք ստանում են մարտական հրաման՝ «բարձրանալ Թալիշ գյուղի բարձունքները, դիրքավորվել ֆագոտով և դիտարկում իրականացնել։ Ինտենսիվ և անկայուն հրետակոծության պայմաններում զոհերից խուսափելու համար մարտկոցի հրամանատարի հրամանով ուժերը կենտրոնանում են այլ վայրում և ստանում մարտական խնդիրներ։ Գիշերը մնում են Թալիշում, որպեսզի առավոտյան 06։00-ի դրությամբ բարձրանան բարձունքներ և զբաղեցնեն նախնական դիրքերը։ Ապրիլի 3-ին եղանակային պայմանները կտրուկ վատանում են, սկսվում է անձրև, քամի, տեսանելիությունը խիստ նվազում է, սակայն այս պայմաններում, ցեխի ու փոշու մեջ Շուլին և ընկերները ողջ օրն անցկացնում են սարի վրա՝ ժամանակ առ ժամանակ ստանալով հրաման՝ «փոխել իրենց տեղակայման դիրքերը հրետակոծության վնասներից խուսափելու համար»։

Ապրիլի 3-ի գիշերը հատուկ նշանակության ջոկատի հրամանատար մայոր Արարատ Եղիշի Բաղդասարյանը հայտնում է, որ Թալիշի մարտական դիրքեից մեկում հայկական կողմն ադրբեջանական տանկի կրակոցից երկու զոհ ունի՝ մեկը դիրքի անձնակազմից, մյուսը՝ հատուկ նշանակության ջոկատից։

Հատուկ նշանակության ջոկատը դիտարկում էր իրականացրել և պարզել ադրբեջանական կողմի տանկի գտնվելու վայրը։ Հայտնում են, որ անհրաժեշտ է հակատանկային մասնագետ, ով կխոցի հակառակորդի տանկը։ Չնայած Շուլիին 90 օր էր մնացել զորացրվելու, բայց նա ինքնակամ համաձայնում է ստանձնել այդ պատասխանատու գործը։

Շուլի Հակոբյանը մյուս հակատանկային դասակի հրամանատարի տեղակալ սերժանտ Լև Հակոբի Մարտիրոսյանը, մարտկոցի հրամանատար կապիտան Էրիկ Արկադիի Սարգսյանը և հատուկ նշանակության ջոկատի հրամանատար մայոր Արարատ Եղիշի Բաղդասարյանը մեկնում են մարտական դիրքեր։ Ժամանելով մարտական դիրքեր՝ Շուլին, նպատակահարմար չգտնվելով կրակել խրամատից, դուրս է գալիս խրամատից և արձակում առաջին հրթիռը։

Առաջին անհաջող փորձից հետո Շուլին արձակում է երկրորդ հրթիռը և խոցում հակառակորդի տանկը։ Դրանից հետո հակառակորդը թաքստոցից հանում է տանկերը և կրակ բացում ինչպես Շուլիի դիրքի, այնպես էլ մյուս մարտական դիրքի ուղղությամբ, որտեղ ևս առկա էր ֆագոտ հաշվարկ։ Շուլին խոցում է նաև երկրորդ տանկը։ Նրա դիրքը մշտապես գտնվում էր հակառակորդի նշանառության տակ։ 3-րդ տանկը Շուլին ոչնչացնում է շարժման ընթացքում։ Այսպիսով՝ Շուլին 08։00 – 08։30- սահմաններում 4 հրթիռով ոչնչացնում է հակառակորդի 3 T-80 տանկ։

2016 թ. հունիսի 15-ին Շուլին ստանում է ավագ սերժանտի կոչում և շարունակում ծառայությունը մարտական դիրքերում մինչև հունիսի վերջ։ 2016 թ. հուլիսի 4-ին Շուլին զորացրվում է բանակից։

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 2016 թ. ապրիլի 15-ի հրամանագրով Շուլի Արմենի Հակոբյանը ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնուրաց խիզախության համար պարգևատրվում է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ 2016 թ հուլիսի 6-ին Շուլին ժամանում է հայրենի քաղաք՝ Գյումրի, որտեղ արժանանում է հանդիսավոր ընդունելության և ստանում Գյումրի քաղաքի ոսկե հուշամեդալ։ 2016 թվականի սեպտեմբերի 21-ին Շուլին դարձել է «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակի հայաստանյան հաղթողը։ 2016 թ. օգոստոսի 23-ին՝ բանակից զորացրվելուց հետո, Շուլին ընտանիքի անդամների հետ այցելում է Գյումրիում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռ և բազմաթիվ խաչքարերի կողքին ավելացնում «Աստված պահապան զինվորին» մակագրությամբ խաչքարը։ 2016 թ. սեպտեմբերից Շուլին ոսումը շարունակում է Երևանի պետական համալսարանի երկրորդ կուրսում և վայելում է ոչ միայն համալսարանականների, այլև բոլոր ազգակիցների սերն ու համակրանքը։

Նմանատիպ նյութեր