211652_close_icon
views-count31286 դիտում article-date 00:33 01-05-2017

Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, «Մարտական խաչ 1» աստիճանի շքանշանի ասպետ , գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։

Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, «Մարտական խաչ 1» աստիճանի շքանշանի ասպետ , գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 21 տարեկան։ Անդրանիկ Զոհրաբյանը ծնվել է 1996թ. մայիսի 1-ին, Վեդիում, Ատոմ և Ալլա Զոհրաբյանների ընտանիքում: Ունի ավագ և փոքր քույրեր: Շարժուն, խելացի ու համեստ այս փոքրիկին կյանքը մեծ ապագա էր խոստանում: Անդրանիկի մարզիչը` Հ.Հայրապետյանը դեռ վաղ տարիքից էր նկատել փողոցի մի ծայրից մյուսը վազվզող ու գնդակ խաղացող փոքրիկին: Քանի որ Վեդիի թիմը մինչև 14 տարեկաննների առաջնությանը չէր կարող մասնակցել, մարզչի խորհրդով ընդունվում է Երևանի «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»: Սպորտը նրա տարերքն էր: Դպրոցն ավարելուց հետո ընդունվում է Վեդիի Եվրոպական քոլեջ` հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը: Սակայն Անդրանիկի երազանքը ֆուտբոլային մարզիչ դառնալն էր: Քոլեջում սովորելու տարիներին զուգահեռ ակտիվ զբաղվում էր սպորտով և մարզադպրոցում ունեցած հաջողությունները ապագա ֆուտբոլիստին տանում են Ֆիզիկական Կուտուրայի Պետական Ինստիտուտ` ֆուտբոլի բաժինը: Անդրանիկը հրավիրվում է «Արարատ»-ի առաջին լիգա, որտեղ մեկուկես ամիս մարզվելուց հետո գնում է բանակ: Մարզիչը վստահ էր, որ ծառայությունից հետո վերադառնալու է «Արարատ»: Ֆուտբոլային թիմի կենտրոնական պաշտպան էր: Ֆուտբոլի բաժին ընդունված պատանին, սակայն, չի հասցնում լինել ուսանող. 2014թվականի հուլիսի 16-ին զորակոչվում է բանակ, իսկ կրթությունը սկսելու էր զորացրվելուց հետո: Ծառայությունից չէր խուսափում:Ավելին` ուզում էր Ղարաբաղում ծառայել և խնդրել էր ծնողներին ոչինչ չանել իր համար, որտեղ ընկնի, այնտեղ էլ կծառայի: Ծառայությունից հետո որոշել էր Վեդիում ֆուտբոլի թիմ կազմել.«Լավ մարզիչ եմ դառնալու, հենց Վեդիում լավ երեխեք կան, ուրիշ տեղեր էլ որ չլինի, հենց Վեդիում թիմ կհավաքեմ այս երեխեքից, տես ինչ թիմ եմ սարքելու: Մենք չդարձանք, մեր հետ չզբաղվեցին, բայց ես կանեմ»,- հաճախ էր կիսվում ծնողների հետ իր մտահոգություններով ու ապագայի պլաններով: Կազմակերպված, կիրթ, դաստիարակված, պատասխանատու, ազնիվ, ընկերասեր, ահա այն բառերը, որոնք բնութագրում էին Անդրանիկին: Ընկերներն ու ընկերասիրությունը վեր էին ամեն ինչից: Նա ցանկացած խնդիր , առաջադրանք անում էր գերազանց.իր բնույթն էր այդպիսին, եթե անում էր, ուրեմն` լավը: Այդպես էլ գերազանց կատարեց իր վերջին առաջադրանքը` պաշտպանեց իրեն վստահված դիրքն ու խրամաբջիջը`կյանքի գնով: Ֆուտբոլային թիմում կենտրոնական պաշտպանը այս անգամ պաշտպանն էր իր հողի, ընկերների և հայրենիքի: Ստացած ծանր վիրավորումներից մահացավ իր դիրքում` արթուն հերթափոխի խրամաբջիջում, լրացնելով անմահ հերոսների շարքերը: Ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը սկսված հանկարծակի և լայնամասշտաբ պատերազմը խլեց դիրքի քաջերից չորսի կյանքը. նրանց թվում էր Անդրանիկ Զոհրաբյանը… 2016 թվականի մայիսի 28-ին հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ 1» աստիճանի բարձր շքանշանով։ Ծնունդդ շնորհավո'ր, ԱՆԴՐԱՆԻ'Կ, համեստ ու բարի ընկեր: Անունդ հավերժ հիշելու ենք, քանի որ քո և ընկերներիդ արյան գնով Մարտակերտը այսօր կանգուն է ու հավերժ կլինի կանգուն, քանի դեռ կան Անդրանիկներ։ Փառք քեզ, եղբա՛յր։ [color=#EF2929]Նյութը պատրաստեց` Արմինե Պողոսյանը[/color]։ ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՀԿ

Նմանատիպ նյութեր