211652_close_icon
views-count1590 դիտում article-date 16:46 16-03-2017

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Մարտի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում սիրիահայ փախստականների ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված ծրագրի ղեկավար Մոնիկա Կարկոն ու միջազգային փորձագետ Սոմայա Մոլլը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կազմակերպության նախաձեռնությունները, սիրիահայերի ինտեգրմանն ու ձեռնարկատիրական գործունեության խթանմանն ուղղված ծրագրերը: Նա մասնավորապես նշեց. «Այսօր ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք սիրիահայերի համար, աշխատանքի տեղավորման խնդիրն է: Շնորհակալ եմ, որ դուք այդ խնդրի շուրջ համախմբում եք բոլոր երկրների կառույցներին ու կազմակերպություններին, հրավիրում եք նրանց ուշադրությունը: Ուրախ եմ, որ կա հստակ մոտեցում տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ: Պետք է գտնենք կառույցներ ու կազմակերպություններ, որոնք պատրաստ են աջակցություն ցուցաբերել այդ խնդիրների լուծմանը, հիմնադրամ ստեղծել, որին կմասնակցի նաև Սփյուռքը: Սիրիահայերը Հայաստան են բերել նոր բիզնես մշակույթ: Նրանք հարյուրից ավելի բիզնես ծրագրեր են ներկայացրել, որոնք պետք է կյանքի կոչել»: Նախարարը ներկայացրեց սիրիահայերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները, փորձը և արդյունքները, անդրադարձավ նաև սիրիահայերի ինտեգրացիայի, զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման և բնակարանային խնդիրներին: Մոնիկա Կարկոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա մանրամասն ներկայացրեց Հայաստանում սիրիահայ փախստականների ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված ծրագրային առաջարկը, պատրաստակամություն հայտնեց սերտորեն համագործակցել նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության հետ:

Նմանատիպ նյութեր