211652_close_icon
views-count1592 դիտում article-date 16:37 22-03-2017

Ծիծեռնակաբերդի խճուղին այսուհետ կլուսավորվի էներգաարդյունավետ ու ժամանակակից ԼԵԴ լուսատուներով

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում ավարտվել են Ծիծեռնակաբերդի խճուղու էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուների տեղադրման աշխատանքները: Առաջին փուլի աշխատանքները մեկնարկել և ավարտին էին հասցվել 2016 թվականին, իսկ երկրորդ փուլով իրականացված գործընթացի շրջանակում ժամանակակից ԼԵԴ լուսատուներով է լուսավորվել խճուղու՝ վերգետնյա ավտոտրանսպորտային անցուղի-Լենինգրադյան փողոց հատվածը։ Տեղադրված էներգախնայող լուսադիոդային լուսատուներն արդեն ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխան համաչափ լուսավորություն՝ բարելավելով ճանապարհի տեսանելիությունը և բարձրացնելով անվտանգությունը, ինչպես նաև նպաստում են ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը: Միաժամանակ վերակառուցվել են հենասյուների բարձակները, ինչի արդյունքում առկա երկու բարձակները փոխարինվել են մեկականով: Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով տեղադրվել է շուրջ 1000 լուսադիոդային լուսատու, իրականացվել են մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին կապող Իսակովի պողոտայի, «Հաղթանակ» կամրջի, Մաշտոցի պողոտայի, Աթենքի փողոցի, Բրազիլիայի հրապարակի, Ծիծեռնակաբերդի խճուղու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի լուսավորության համակարգի էներգաարդյունավետ վերազինման և լուսադիոդային ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատանքները: Արտաքին լուսավորության ցանցի արդիականացման շնորհիվ այդ հատվածներում էլեկտրաէներգիայի սպառումը կրճատվել է շուրջ 70%-ով: Հարկ է նշել, որ այս աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է նպատակային վերականգնվող ֆոնդի միջոցների հաշվին, որը համալրվում է ծրագրի շրջանակում իրականացված նախագծերի արդյունքում գոյացող ֆինանսական խնայողություններից։ Ֆոնդում կուտակված ֆինանսական խնայողությունների հաշվին 2017 թվականին կշարունակվեն լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները:

Նմանատիպ նյութեր