211652_close_icon
views-count27884 դիտում article-date 10:45 23-03-2017

Ղարաբաղյան պատերազմի վետերաններն այցելեցին Բջնիի փառքի պանթեոնում հանգչող նորօրյա հերոս-նահատակի՝ Կարեն Ներսիսյանի ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կարեն Արտակի Ներսիսյանը ծնվել է 1997-թվականի ապրիլի 8-ին, Կոտայքի մարզի Բջնի քաղաքում: Ինքնուրույն և աշխույժ տղա էր և շատ էր սիրում զբաղվել էլեկտրական սարքերով ու համակարգիչներով: Իր հայրենի քաղաքում գտնվող Հովհաննես Թումանյանի անվան միջնական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի Ճարտարագիտական համալսարանի էլեկտրոտեխնիկական ֆակուլտետը: Մեկ տարի սովորելուց հետո մոտեցավ նրա զինծառայության մեկնելու ժամը և նա պատրաստակամությամբ մեկնեց ծառայության: Նրան բաժին էր հասել Արցախ աշխարհի Ջրականի (Ջաբրաիլի) պաշտպանական շրջանում սահմանապահ առաքելությունը, որից նա երբեք չէր բողոքում: Զինծառայության ընթացքում առաջադիմության շնորհիվ ուղարկվել էր սերժանտական վերապատրաստության դարբնոց և ավարտելով ուսումը՝ արժանացել սերժանտի ուսադիրներին: 2016թ-ի ապրիլի 2-ին, երբ ադրբեջանական զինուժը սկսեց հարձակվել մեր մարտական դիրքերի վրա, սերժանտ Կ. Ներսիսյանը նույնպես առաջնագծում էր: Այդ անսպասելի հարձակմանը դիմակայելիս ծավալված թեժ ու համառ մարտերում նա արիաբար մարտնչեց մինչև վերջին փամփուշտը՝ իր ծառայակից ընկերների հետ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների, սակայն թվաքանակով մի քանի անգամ գերակշռող, հատուկ պատրաստություն անցած և մինչև ատամները զինված ու կատաղած այդ թուրք-ասկյարների դեմն առնելն այդ պահին անհնարին էր և նա իր ընկերների հետ ընկավ քաջի մահով: Գազազած թշնամուն միայն նրանց դիակների վրայով հայկական դիրքը գրավելուց հետո ոչինչ չէր մնում անել, քան մահացածների դիակները անմարդկային կերպով խոշտանգելը: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: Մարտի 22-ին պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացող «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում Բջնիում բնակվող Ներսիսյանների ընտանիքին այցելեց «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» միության պատվիրակությունը: ՂՊՎ «Դուք մենակ չեք» ծրագրի շնորհիվ Ներսիսյան ընտանիքի հետ ընկերացած ազատամարտիկ Ստեփան Թորոյանը ՂՊՎ պատվիրակությանը ծանոթացրեց Կարենի ծնողների հետ: ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանի անունից ՂՊՎ փոխնախագահ Վրեժ Եղիազարյանը Կարեն Ներսիսյանի ծնողներին պարգևատրեց ՂՊՎ պատվոգրով: Այնուհետև ներկաներն այցելեցին Մեծ Հայրենական պատերազմում զոհված բջնեցի ազատամարտիկների հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին այնտեղ հանգչող Կ. Ներսիսյանի գերեզմանի և Ապրիլյան պատերազմի զոհվածներին նվիրված նորօրյա հուշարձանի առաջ: Հիշեցնենք, որ Կարեն Ներսիսյանի և նրա ծառակից ընկերների նկատմամբ ադրբեջանական պետության զինծառայողների իրականացրած գործողությունները պատերազմական հանցագործություններ են և հակահումանիզմի դրսևորումներ, որոնք կոպտորեն ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, 1949թ.-ից գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնևյան 1-ին կոնվենցիայի, 1949թ․ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան 3-րդ կոնվենցիայի և 1977թ․ Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների 1-ին արձանագրության պահանջները: ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը և խոշտանգված զինծառայողների ծնողները դիմել են ՄԻԵԴ՝ բողոքելով ադրբեջանցիների խոշտանգումների և վայրագությունների դեմ, որպեսզի ադրբեջանական կողմի նման պահվածքը ենթարկվի միջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը, իսկ մեղավորները պատժվեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր